14  26.09.15 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը

Ստեղծվելու է Համահայկական խորհուրդ. Առաջին նիստը՝ 2016–ի սեպտեմբերին

Ստեղծվելու է Համահայկական խորհուրդ. Առաջին նիստը՝ 2016–ի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ինՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին որոշում է ընդունվել Համահայկական խորհուրդ ձևավորելու մասին։ Այն պետք է լինի ինքնակազմակերպված, ինքնակառավարվող խորհրդակցական մարմին, գրում է ArmenianGenocide100.org-ը:

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համահայկական խորհրդի ձևավորման կազմակերպչական հանձնախմբի ղեկավարն է լինելու Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, քարտուղարը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նաև հանձնախմբի կազմում կընդգրկվեն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մայր աթոռ Սբ Էջմիածնի որևէ ներկայացուցիչ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության որևէներկայացուցիչ, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ, ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, Ռուսաստանի հայերի միության որևէներկայացուցիչ և Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ:

Խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն ՀՀ, ԼՂՀ և սփյուռքի առանցքային կառույցների, պետական կառավարման կարևորագույն մարմինների, հոգևոր հաստատությունների, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ համակարգող պետական հանձնաժողովի կազմն այդ առումով չպետք է կաշկանդի ձևավորվող Խորհրդի կազմն ու կառուցվածքը․

- Խորհուրդը կարող է ունենալ տարածաշրջանային և թեմատիկ հանձնախմբեր,

- նիստերը պետք է գումարվեն առնվազն տարին մեկ անգամ, ՀՀ մայրաքաղաքում,

- Խորհուրդը պետք է ունենա նիստերի միասնական մշտական օրակարգ, որի առանցքում պետք է ընկած լինեն՝

ա) աշխարհում հայերի վիճակի մասին համապարփակ ամենամյա զեկույցի քննարկումը,

բ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և դրա հետևանքների վերացմանն առնչվող խնդիրների քննարկումը,

գ) համահայկական բնույթի միջոցառումների համադրումը։

Պետական հանձնաժողովի նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է, որ Խորհրդի առաջին նիստը կայանալու է 2016-ի սեպտեմբերի 20-ին՝ Երևանում։ Այդ նպատակով պետք է ձևավորվի կազմակերպչական հանձնախումբ։

Ընդունված որոշմամբ կազմակերպչական հանձնախմբին հանձնարարվում է մշակել և մինչև 2016-ի ապրիլի 15-ը հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին առաքել Համահայկական խորհրդի ձևավորման, հիմնադիր կազմի և կառուցվածքի մասին որոշման նախագիծը, պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ կազմակերպել խորհրդատվություններ Խորհրդի հայեցակարգի, կառուցվածքի և գործունեության կարգի շուրջ, նախապատրաստել Խորհրդի առաջին նիստը և մինչև 2016-ի հուլիսի 15-ը իրազեկել հանձնաժողովի անդամներին առաջին նիստի անցկացման վայրի և ժամանակացույցի մասին։

Որոշմամբ նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնարարվում է ՀՀ արտաքին գործերի, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների և դրանց համակարգերում գործող մարմինների և կառույցների հետ փոխգործակցությամբ, ինչպես նաև պետական հանձնաժողովի կազմում ներգրավված՝ սփյուռքի կառույցների և տարածաշրջանային հանձնախմբերի հետ խորհրդատվություններ կազմակերպելու միջոցով կազմել «Հայերի վիճակն աշխարհում» առաջին զեկույցը։

Սփյուռքի նախարարին հանձնարարվել է նաև մինչև 2016-ի մայիսի 1-ը զեկույցի նախագիծը ներկայացնել պետական հանձնաժողովի անդամներին և տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարներին՝ վերջիններիս առաջարկությունները ստանալու և մինչև 2016-ի սեպտեմբերի 20-ին կայանալիք նիստը ամփոփելու նպատակով, ինչպես նաև խորհրդատվություններ անցկացնել տարածաշրջանային հանձնախմբերի հետ՝ նախապատրաստելով առաջարկություններ Համահայկական խորհրդի հետ վերջիններիս փոխգործակցության ընթացակարգերի վերաբերյալ։

Նախագահ նշել է, որ ներկայացված փաստաթուղթը ուրվագծային է և բաց է նոր առաջարկների համար:

Սեպտեմբերի 25-26-ին Երևանում ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումը և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումը:

 Ուշագրավ
Նա հայտնել է իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ ստեղծելու մասին
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
---