Ադրբեջանը գնդակոծել է Ոսկեվանի կենտրոնը. Զոհեր չկան

Ադրբեջանը գնդակոծել է Ոսկեվանի կենտրոնը. Զոհեր չկան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ի երեկոյան` ժամը 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից խոշոր տրամաչափի գնացիրներից գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղի կենտրոնը:

Ոսկեվանից տեղեկացրել են, որ կրակահերթի գնդակներն ընկել են Ղազինյան տոհմի երկու ընտանիքի տների բակերում. վնասներ չկան, գրում է Aravot.am-ը: Դրանից հետո ադրբեջանական զինուժը կրակ է բացել Ոսկեվանի սահմանը պահող հայ դիրքապահների ուղղությամբ:

Վերջին շրջանում թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է: Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանցի զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին: Սեպտեմբերի 25-ին` թուրքական արտադրության TR-107 կայանքից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ 5 կմ թիկունքում զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող, ևս 16-ը` վիրավորվել: Բացի այդ, հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանը կիռառել է փողային հրետանի՝ 122-մմ Դ-30 հաուբիցներ:

Ի պատասխան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---