Բորդյուժան և Օհանյանը հաջողված են համարել ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությունը. Հիմնական խնդիրները կատարվել են

Բորդյուժան և Օհանյանը հաջողված են համարել ՀՀ-ում ՀԱՊԿ-ի զորավարժությունը. Հիմնական խնդիրները կատարվել են

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ստորաբաժանումների «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների վերջին օրը` հոկտեմբերի 4-ին, խաղարկվել են ակտիվ գործողությունների սցենարներ: Զորավարժության մասնակիցները խաղարկել են ահաբեկիչների կողմից զավթած շենքի ազատագրման, ահաբեկչական կետի ոչնչացման և դժգոհ բնակչության անհնազանդությունը կանխելու սցենարները: Զորավարժություններին ներգրավված էին ռազմական ուղղաթիռներ, զրահատեխնիկա, ոստիկանական ուժեր:

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում սեպտեմբերի 30-ին մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։ Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են եղել ՀԱՊԿ անդամ պետությունների մոտ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:

Զորավարժությունների եզրափակիչ փուլին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, ՀՀ ԱԺ պաշտպանության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ:

Պաշտպանության նախարարը լրագրողների ասել է, որ զորավարժությունների մասնակիցների առջև դրված հիմնական խնդիրները կատարվել են, գրում է Tert.am-ը:

«Ես կարևորում եմ այն հանգամանքը, որ խաղաղապահ ստորաբաժանումների զորավարժություններ Հայաստանի տարածքում առաջին անգամ էին անցկացվում: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ բացի ՀԱՊԿ անդամ պետություններից այս զորավարժություններին մասնակցում էին նաև Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են խաղաղապահ գործունեության համար: Հատկապես զորավարժությունների վերջին ակտիվ գործողությունների ընթացքում մենք տեսանք, որ ստորաբաժանումները շատ կենտրոնացած և գրագետ էին գործում: Վերջին օրերին նախապատրաստական մեծ աշխատանք է տարվել և դրա արդյունքում ամրապնդվել է փոխգործակցությունը, գործակցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների միջև», - ասել է Օհանյանը:

Նա ընդգծել է, որ զորավարժությունների հրամանատարները, զինվորները միմյանց շատ լավ հասկանում են, ունեն մեծ բարոյական և ֆիզիկական պատրաստվածություն:

«Ամենակարևորը այն է, որ մենք վստահություն ունենք, որ անհրաժեշտության դեպքում մեր խաղաղապահ ստորաբաժանումները կկարողանան պատվով կատարել իրենց առաջադրանքը, եթե ՀԱՊԿ-ն որևէ վայրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու որոշում կայացնի: Դուք գիտեք, որ մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, և մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահել մեր երկրի սահմանները և ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը, այլ նպաստել այլ վայրերում խաղաղության հաստատմանը»,- եզրափակել է նախարարը՝ հավելելով, որ դրական է գնահատում զորավարժությունները և դրանք իրենց հիմնական նպատակին հասել են:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր հեթին նշել է, որ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, ՀԱՊԿ անդամ երկրների պետությունները ցանկանում են ստեղծել արդյունավետ ուժային համակարգ՝ պլանավորելով և իրականացնելով միջոցառումներ, որոնք կնպաստեն հավաքական անվտանգության ուժերի մարտական պատրաստության բարձրացմանը:

«Զորավարժությունները հաջող ընթացք են ունեցել: Մեզ համար միշտ կարևոր է նման զորավարժությունների անցկացումը, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը, որը ջանք չի խնայել այս զորավարժությունների արդյունավետ ու հաջող ընթացքն ապահովելու համար», - ասել է Բորդյուժան:

ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն:

Զորավարժության անցկացման առաջին օրը մասնակից ստորաբաժանումների և ՀԽՈՒ հրամանատարական կազմի համար պարզաբանվել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման հարցեր:

Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում` հոկտեմբերի 1-ին, շարունակվել են ՀԱՊԿ ՀԽՈՒ կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստական աշխատանքները և գործնական պարապմունքները: Ուսումնասիրվել են խաղաղապահ գործողության կազմակերպման և ՀԱՊԿ ՀԽՈՒ ստորաբաժանումների կողմից պատասխանատվության տեղամասերի զբաղեցման հարցեր:

Զորավարժության սցենարի համաձայն` ՀԱՊԿ ՀԽՈՒ Միացյալ հրամանատարությանն է հանձնվել խաղաղապահ գործողության անցկացման մանդատը և գործողությունների ղեկավարումը ստանձնել է ձևավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

Անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, կարողություններ զարգացման և անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման գործնական պարապմունքներ:

Կարդացեք նաև՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար. Հայաստանի տարածքի գնդակոծումն անընդունելի է

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---