ՌԴ-ն Ադրբեջանում ռադիոտեղորոշման նոր կայան չի կառուցի

ՌԴ-ն Ադրբեջանում ռադիոտեղորոշման նոր կայան չի կառուցի

PanARMENIAN.Net - Ռուսաստանը «Վորոնեժ» տիպի ռադիոտեղորոշման նոր կայան չի կառուցելու ադրբեջանական Գաբալայում` «Դարյալ» ՌՏԿ-ի փոխարեն: Ռուսաստանը նպատակահարմար չի գտնում նման համակարգերի կառուցումն արտերկրում: Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է ՌԴ հատուկ նշանակության օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) շտաբի պետ, գեներալ մայոր Անատոլի Նեստերչուկը:

Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանում նշում են տիեզերական զորքերի օրը:

«Կարծում եմ, որ հայրենական համակարգի միջոցները պետք է տեղակայված լինեն ՌԴ տարածքում և երաշխավորված կատարեն դրված խնդիրները»,-ասել է Նեստերչուկը rusnovosti-ի «Գենշտաբ» հաղորդման շրջանակում` պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Գաբալայում կառուցվելու է «Վորոնեժ» տիպի ՌՏԿ նախկին «Դարյալի» փոխարեն, որի շահագործումն ավարտված է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանն ունի «Դնեպր» ՌՏԿ Ղազախստանում, «Վոլգա» ՌՏԿ Բելառուսում, հիշեցրել է նա: «Սակայն արդեն նաև այս ռազմավարական ուղղություններում մենք բավարար միջոցներ ունենք փոխարինելու համար այդ երկրների տարածքում գործող կայանները»,-հավելել է Նեստերչուկը:

ՌԴ ՊՆ պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի կայքում օգոստոսի 17-ին լույս էր տեսել ՌԴ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կազմակերպմանը նվիրված հոդված, որտեղ ասվում էր, թե Ռուսաստանը 2017-ին պլանավորում է Ադրբեջանում կառուցել հեռավոր հայտնաբերման ռադիոտեղորոշման նոր կայան: Հրապարակման մեջ նշված էր, որ խոսքը «Վորոնեժ» ՌՏԿ մասին է, որի կառավարումն իրականացնելու է բացառապես ռուսաստանյան կողմը, հայտնել էր razm.info-ն:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված ռադիոտեղորոշման կայանի շահագործումը Ռուսաստանի կողմից շարունակվեց ընդհուպ մինչև 2012-ի դեկտեմբերը, երբ լրացավ դրա վարձակալության ժամկետը։ Գաբալայի ՌՏԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և վարձակալության պայմանների շուրջ ծավալված ռուս-ադրբեջանական բանակցություններն արդյունք չտվեցին, ինչն էլ ստիպեց ռուսաստանյան կողմին դադարեցնել դրա շահագործումը։ Որպես պատճառ նշվում էր, որ Ադրբեջանը չափազանց բարձր գին է պահանջում սահմանել վարձակալության նոր պայմանագրում։

Իրադարձությունների նման ընթացքը ՌԴ-ի համար անակնկալ չէր, քանի որ վերջինս արդեն մեծ թափով պատրաստվում էր Կրասնոդարի շրջանի Արմավիր քաղաքում տեղակայված նոր՝ «Վորոնեժ» տիպի ՌՏԿ-ի շահագործմանը, որի մեկնարկը տրվեց 2013-ի հունիսին՝ իր վրա վերցնելով նաև բոլոր այն գործառույթները, որոնք մինչ այդ իրականացնում էր Գաբալայի ՌՏԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---