Անկարայի ուժային կառույցների ղեկավարները հեռացվել են աշխատանքից ահաբեկչության պատճառով

Անկարայի ուժային կառույցների ղեկավարները հեռացվել են աշխատանքից ահաբեկչության պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՆԳՆ-ն որոշում է կայացրել հեռացնել աշխատանքից Անկարայի Անվտանգության վարչության 3 դեպարտամենտների պետերին: Այդ մասին ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ միջոցները «ձեռնարկվել են քննությունը կոռեկտ վարելու նպատակով»: Ծառայությունից հեռացվել են Անկարայի գավառի Անվտանգության վարչության պետը, ոստիկանության հետախուզության բաժնի պետն ու անվտանգության բաժնի պետը: Դեռևս տույժը ժամանակավոր է` մինչև քննչական գործողությունների ավարտը:

Մինչդեռ հոկտեմբերի 14-ի առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և այցով այդ երկրում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն այցելել են ահաբեկչության վայրը և ծաղիկներ դրել ի հիշատակ զոհվածների:

97 մարդ է զոհվել հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատել է եռօրյա ծրագիրը Ստամբուլում և վերադարձել է մայրաքաղաք:

Պայթյունների պատճառով Թուրքիայում 3 օրով կասեցվել է նախընտրական արշավը:

Իշխանությունները որպես կազմակերպիչ կասկածում են «Իսլամական պետությանը», ՔԱԿ-ին և 2 ձախակողմյան ծայրահեղական խմբավորումների:

Մինչդեռ Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն Անկարայում տեղի ունեցած պայթյունները վերագրել է իշխանություններին: Թուրքական «Taraf» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ Օզդեմիրը նշել է, որ պայթյունները կազմակերպվել են իշխանության կողմից՝ նոյեմբերի 1-ի ընտրությունների նորմալ ընթացքը խանգարելու և ընտրությունների նախաշեմին երկրում քաոս առաջացնելու նպատակով:

Գերմանացի քաղաքական գործիչը նշել է նաև, որ ով էլ լինի Անկարայի պայթյունների կազմակերպիչը, դրա անմիջական թիրախը եղել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ- CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ- HDP) կուսակցությունները, որոնք ևս ներկա են եղել Անկարայի խաղաղ ցույցին:

Իրավիճակը Թուրքիայում կտրուկ սրվեց Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---