Վարչապետ. ՀՀ-ն պատրաստ է աջակցել ԵԱՏՄ-Իրան գործակցության խորացմանը

Վարչապետ. ՀՀ-ն պատրաստ է աջակցել ԵԱՏՄ-Իրան գործակցության խորացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 14-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությունը:

Աբրահամյանի և Ջահանգիրիի առանձնազրույցից հետո կայացել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետև ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Աբրահամյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում:

Վարչապետը նշել է, որ թե´ առանձնազրույցի և թե´ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ վերահաստատաել են երկկողմ պատրաստակամությունը՝ ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական գործակցությանը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև խոր արմատներ ունեցող բարեկամության վրա և ընթանում է փոխադարձ վստահության մթնոլորտում:

«Մենք ամփոփեցինք ուղիղ մեկ տարի առաջ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև քննարկեցինք ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացեն Իրանի հետ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով գործակցության համար», - ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև հումանիտար ոլորտի՝ կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին:

Վաևչապետը նշել է, որ մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքներին:

«Հաշվի առնելով նշված ծրագրի կարևորությունը՝ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018-ին: Միևնույն ժամանակ հստակեցրինք Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա անելիքները և Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ընթացքը», - ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ քննարկվել է նաև ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում:

Հատուկ ընդգծվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերու-թյունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:

Վարչապետը հայտնել է, որ քննարկվել է նաև ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերը: Աբրահամյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագոր-ծակցության խորացմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում:

Իրանի նախագահի առաջին տեղակալն իր հերթին նշել է, որ Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ծրագիրը, որը որոշ ժամանակահատվածի ընթացքում ուներ դժվարություններ, ՀՀ վարչապետի Իրան այցելության ընթացքում և բանակցությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և գործադրած ջանքերի արդյունքում, վերսկսվել է:

Ջահանգիրին համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում շինարարական աշխատանքները կհասցվեն ավարտին:

«Իմ և ինձ ուղեկցող պատվիրակության և ՀՀ պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացմանը վերաբերող խնդիրներ: Պաշտոնական փոխադարձ այցելությունները շարունակվում են, և ոչ մի սահմանափակում չկա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: «5+1» բանակցությունների շրջանակում Իրանի ձեռք բերած հաջողությունները նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար և նոր բնագավառներ բացում նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար», - ասել է Իրանի նախագահի առաջին տեղակալը:

Նա նաև նկատել է, որ Հայաստանի միանալը ԵԱՏՄ-ին նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը երկու երկրներում և հատկապես ազատ տնտեսական գոտու գոյությունը ևս դրական պայմաններ է ստեղծում երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Ջահանգիրին հայտնել է, որ որոշել են անհրաժեշտ քայլեր իրականացնել մաքսային մեկ պատուհանի մեխանիզմի կիրառման համար՝ սահմանային Նորդուս կետում իրագործել մեկ մաքսային պատուհանի մեխանիզմը:

Երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական և իրանական կողմերի համանախագահները զեկուցել են երկկողմ պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և պատմամշակութային կապերի սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցումներով են հանդես եկել նաև հայկական և իրանական կողմերի համապատասխան նախարարները:

Նշված հարցերի համատեքստում ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել են ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում: Կողմերը կարևորել են նաև մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---