Եզդիները Սինջարում ԻՊ դեմ գրոհի են պատրաստվում

Եզդիները Սինջարում ԻՊ դեմ գրոհի են պատրաստվում

PanARMENIAN.Net - Եզդի մարտիկները պատրաստվում են ազատագրել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից: Այդ մասին արաբերեն լեզվով թողարկվող Sputnik կայքին է հայտնել «Շանգալի» ջոկատներից մեկի հրամանատար Լուկման Իբրահիմը:

Ըստ Իբրահիմի, մարտի են պատրաստ մասնակցելու մոտ 6000 եզդի մարտիկներ, որոնք մարտական պատրաստություն են անցել, և որոնց աջակցելու են քրդերի «փեշմերգա» ջոկատները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության մարտին հրապարակված զեկույցում ասվում էր, որ ԻՊ գրոհայինները ցեղասպանություն են գործում եզդիների հանդեպ: Զեկույցում վկայություններ են բերված խոշտանգումների, սպանությունների, առևանգումների, բռնի դավանափոխության, զինյալների ջոկատներին երեխաների անդամագրման և սեքսուալ ստրկացման մասին: Զեկույցում ասվում է, որ իսլամիստների վերաբերմունքը եզիդների հանդեպ ընկալվում է որպես այդ հնագույն համայնքը վերացնելու ցանկություն:

Եզդիներն ազգային փոքրամասնություն են, որոնք հիմնականում բնակվում են Իրաքում և Եվրոպայի երկրներում: Տարբեր տվյալնելով, աշխարհում մոտ 1-2 մլն եզդի կա: Մոտ 60 հազարը բնակվում է Հայաստանում: ԻՊ գրոհայինները նրանց «անհավատ» են համարում: Սինջար քաղաքը (քրդերեն` Շանգալ) հայտնի է որպես Իրաքի եզդիների կենտրոն, որը ԻՊ գրոհայինները գրավել են 2014-ի օգոստոսին:

Այդ ընթացքում զոհվեց ավելի քան 20 հազար եզդի: 400.000-ից ավելին դարձան փախստական, 5000-ից ավելի կանայք և աղջիկներ գերության մեջ են, 3600 եզդի համարվում է անհետ կորած, 10-ից ավելի եզդիական սրբավայր ոչնչացվել է։

2014-ի օգոստոսին եզիդների Սինջար քաղաքի վրա հարձակման ժամանակ բնակիչների 75%-ը հեռացել է լեռներն ու պաշտպանվել այնտեղ մի քանի շաբաթ, դա մեծ հումանիտար աղետ է դարձել:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---