Իրաքի խորհրդարանը կքննարկի ավիահարվածների վերաբերյալ ՌԴ-ին դիմելու հարցը

Իրաքի խորհրդարանը կքննարկի ավիահարվածների վերաբերյալ ՌԴ-ին դիմելու հարցը

PanARMENIAN.Net - Իրաքի խորհրդարանը մինչև հոկտեմբերի ավարտը նախատեսում է քվեարկության դնել ՌԴ ավիացիայի աջակցության համար Մոսկվային դիմելու հարցը` «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով: Այս մասին Sputnik գործակալությանն է հայտարարել «Օրենքի պետություն» շիաների կոալիցիան ներկայացնող պատգամավոր և ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մուվաֆակ ար Ռուբաին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Քվեարկությունը տեղի կունենա ընթացիկ ամսում»,-ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Իրաքը դեռ չի դիմել ՌԴ-ին ռազմական օգնության խնդրանքով, ինչպես դա եղավ Սիրիայի պարագայում: Եթե նման հարցում ստացվի գրավոր տեսքով, այն կքննարկվի ըստ գործող կարգի, ասել էր նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նունպես հայտարարել էր, որ Մոսկվան նման հարցում չի ստացել Բաղդադից: Նա նշել էր, որ նման գործողությունների համար 2 պարամետր կա. երկրի օրինական ղեկավարության դիմումը և ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևը:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ավելի վաղ ֆրանսիական France 24-ին հայտարարել էր, որ կողջուներ ռուսական օդային գործողությունն Իրաքում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ եթե Իրաքն ռազմական օգնության խնդրանքով դիմի Ռուսաստանին, Վաշինգտոնը կդադարեցնի աջակցությունն այդ երկրին: Նման հայտարարություն է արել ԱՄՆ ԶՈւ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը, հայտնում է Interfax-ը:

«Ես հայտարարեցի, որ մեզ համար շատ դժվար կլինի անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել Իրաքին, եթե ռուսները նույնպես դրան մասնակցեն»,-ասել է նա լրագրողներին` մեկնաբանելով բանակցություններն Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ Իրաք այցելության ժամանակ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «չի կարողանա գործողություններ իրականացնել Իրաքում, եթե այնտեղ միաժամանակ գործեն նաև ռուսները»: Նա խոստովանել է, որ լուրերն այն մասին, որ Իրաքը կարող է ռազմական օգնության համար դիմել Ռուսաստանին, «մտահոգում են» Վաշինգտոնին:

Ինչպես հայտնել է AP գործակալությունը, Դանֆորդը հայտնել է, որ «ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են այդ հարցն Իրաքի իշխանությունների ներկայացուցիչների հետ, և վերջիններս ասել են, որ ռուսական ավիահարվածների մասին հարցում չի եղել»:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Գլխավոր նպատական է իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---