6  21.10.15 - «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների մամուլի ասուլիսը

«Նաիրիտ»-ի արհմիության նախագահ. 18 ամսում գործարանը հնարավոր է վերագործարկել

«Նաիրիտ»-ի արհմիության նախագահ. 18 ամսում գործարանը հնարավոր է վերագործարկել

PanARMENIAN.Net - Ներդրողի առկայության դեպքում 18 ամսում հնարավոր է վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: Այս մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին ասել է «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:

«Ներդրողին հստակ ծրագիր ներկայացնելու համար գործարանի մասնագետների կողմից կազմվել է երեք-չորս ծրագիր: Կատարվում են հաշվարկներ, ծրագրերի իրականացման համար պահանջվող գումարը $70-80 մլն-ից չի անցնում: Այդ ծրագրերը պետք է ներկայացվեն Ազգային ժողով՝ գործարանի վերագործարկման հետ կապված ստեղծված հանձնաժողովին», - ասել է Թադևոսյանը, գրում է Panorama.am-ը:

Ըստ նրա ՝ վերագործարկումը պետք է լինի փուլային: Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի կողմից անցկացված աուդիտին և եզրակացությանը այն մասին, որ գործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ, արտադրանքը մրցունակ չէ, արհմիության ղեկավարն ասել է, որ 1990-ականներից ՀԲ-ն դեմ է եղել, որ Հայաստանն ունենա «Նաիրիտ»:

«Մենք այդ աուդիտի եզրակացությունը ռեալ չենք համարում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ գործարանի արտադրանքը մշտապես եղել է մրցունակ, որակի առումով չի զիջել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում արտադրվող կաուչուկին:

«Նաիրիտ»-ի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախկին աշխատողները որոշել են նամակ ստորագորություններով դիմել ՀՀ նախագահին՝ տեղեկացնելու, որ իրենց աշխատավարձերի պարտքը վերադարձնելիս «Նաիրիտ 2» ընկերությունը ստիպել է իրենց հրաժարվել տույժ-տուգանքներից։

«Մենք չենք պահանջում տույժ-տուգանքները, բայց մենք չենք ուզում, որ ի հայտ գա նոր ներդրող, պահանջի ու «Նաիրիտ»–ից ստանա մեր տույժ-տուգանքները։ Պետք է ստորագրված պայմանագրերը չեղյալ լինեն ու նոր պայմանագրեր կնքվեն», - պարզաբանել է նա։

«Սյլընտրանք չեն թողել։ Ասել են՝ կա՛մ հրաժարվում եք ու ստանում եք մայր գումարը, կա՛մ չեք ստանում ոչինչ։ Ու այն մարդիկ, ովքեր ունեցել են դատարանի որոշումը, մոտ 50 աշխատող, ստորագրել է, որովհետև հասկացել են, որ չեն ստանա մայր գումարը», - ասել է հարությունյանը, գրում է Tert.am-ը:

Նա նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 22-ին կլինեն Կառավարության շենքի դիմաց, որտեղ էլ կլինի ստորագրահավաքը։

«Նաիրիտ» կաուչուկի գործարանի լուծարումը կամ սնանկացումը բոլորովին ձեռնատու չէ ՀՀ կառավարության համար, որովհետև կառույցի պահպանման, անվտանգության ապահովման, ապա՝ վնասազերծման հետ կապված ծախսվող գումարները բավականին մեծ են։ Ազգային ժողովի և կառավարության միջև հարց ու պատասխանի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցադրմանը։

Նախարարը նաև շեշտել է, որ որոշ անձանց առաջարկությունները, ըստ որոնց «Նաիրիտ»-ը հնարավոր է վերագործարկել 50-60 մլն դոլար ներդրումներով, բացարձակ չհիմնավորված են ու գործից անտեղյակ լինելու հետևանք։ Զախարյանի կարծիքով, $50-ից 60 մլն-ի ներդրումները չեն կարող ապահովել անգամ գործարանի 1-2 ամսվա շրջանառու միջոցները։

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատակազմը հունիսի 24-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն է ներկայացրել «Նաիրիտ»-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը և խորհուրդ տվել լուծարել գործարանը։ Ըստ ՀԲ-ն՝ «Նաիրիտը» շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---