ԶԼՄ-ներ. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության 4 գեներալ է պաշտոնանկ արվել

ԶԼՄ-ներ. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության 4 գեներալ է պաշտոնանկ արվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության չորս գեներալ ազատվել է զբաղեցրած պաշտոններից, հայտնել են տեղական լրատվամիջոցները: Խոսքը Ազգային անվտանգության նախարարության անդրազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովի, գլխավոր վարչությունների պետեր գեներալ-մայոր Թարվերդի Մամեդովի և գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովի մասին է, ինչպես նաև զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Վուղար Ալլահգուլիևի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Զբաղեցրած պաշտոններից հեռացվել է նաև ազգային անվտանգության նախարարության 5 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում օդանավակայանների վարչության պետն ու շրջանների վարչություններից մի քանիսի ղեկավարները: Ադրբեջանական «Թրենդի» տվյալներով, «կադրային բարեփոխումներն ԱԱՆ-ում կշարունակվեն և առաջիկայում սպասվում են նոր պաշոտանկություններ»:

Հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց ազգային անվտանգության նախարարության 7 պաշտոնյայի քրեական պատասխանատվության կանչելու մասին` «պաշտոնեական դիրքրի չարաշահման, օպերատիվ-հետախուզական աշխատանքի մասին օրենսդրության խախտման համար»: Ըստ գերատեսչության, «հիմնավոր կասկածներ կան», որ պաշտոնյաների այդ խումբը խախտել է Ադրբեջանի օրենսդրությունն «ապօրինի միջամտելով ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը, խախտել է օրենքով պաշտպանված առանձին անձանց իրավունքները»:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատել էր պաշտոնից ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը վերջին 11 տարում: Պատճառը չի հրապարակվել: Հոկտեմբերի 20-ին Ալիևը կարգադրություն ստորագրեց ԱԱՆ առաջին տեղակալի պաշտոնում Մադաթ Գուլիևին նշանակելու մասին, որը նախկինում գլխավորում էր Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը: Նախարարի բացակայության պայմաններում Գուլիևը փաստորեն կատարում է նախարարի պարտականությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---