15  27.10.15 - «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Մատենադարանի մոտ 200 արծաթակազմ ձեռագիր է վերականգնվել

Մատենադարանի մոտ 200 արծաթակազմ ձեռագիր է վերականգնվել

PanARMENIAN.Net - Գերմանացի վերականագնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն 15 տարվա ընթացքում վերականգնել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող մոտ 200 արծաթակազմ ձեռագիր՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված:

Երևանում հոկտեմբերի 27-ին «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի բացումից հետո Յաշկեն լրագրողներին ասել է, որ իրենց համար կարևոր էր վերականգնել հայկական ձեռագրերի արծաթե կազմերը:

«Շատ հետաքրքիր են այդ կազմերը, նաև հետաքրքիր էր աշխատել դրանց վրա», - ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

Գերմանացի մասնագետի խոսքով՝ աշխարհի որևէ այլ երկրում նմանատիպ կազմեր չեն հանդիպել: Առհասարակ, ըստ նրա, հայկական ձեռագրերը շատ տարբեր են, հայկական մանրանկարչությունը յուրահատուկ է, Եվրոպայում չգիտեն, որ այդպիսի բան կա:

Հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում անցնում է «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը («Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո)` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գիտաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ: Իրականացվելու են մի շարք մշակութային միջոցառումներ:

Յաշկեն նշել է, որ 100 ձեռագրի կազմի վերականգնումից հետո իրենք գիրք են հրատարակել գերմաներեն՝ մանրամասն ներկայացնելով ինչպիսին են կազմերը, ինչպես պետք է վերականգնել: Բացի այդ, 15 տարի շարունակ աշխատելով Մատենադարանում, այնտեղ վերականգնման բաժնում ձևավորվել է արծաթե կազմերի վերականգնման բաժին:

Հոկտեմբերի 27-ին «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով» է պարգևատրել գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեին և Մարգրեթ Յաշկեին՝ Մատենադարանի արծաթակազմ ձեռագերերն անհատույց նորոգելու, մեծարժեք ձեռագրերի միջազգայնացման գործում ունեցած մեծ ավանդի, հայ մշակույթին մատուցած նշանակելի ծառայությունների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---