Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները կքննարկվեն ԱՄՆ Սենատում

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները կքննարկվեն ԱՄՆ Սենատում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Սենատում նախատեսված են լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։

«Ադրբեջանում մարդու իրավունքներն ընտրությունների նախօրեին». այս խորագիրն է կրում սպասվող քննարկումը, որի նախաձեռնողներն են սենատորներ Մարկ Քիրքն ու Քրիս Քունսը, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի հասարակությունը ենթարկվեց աննախադեպ ճնշումների և ոչնչացման։ Տասնյակ լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, քաղաքական և կրոնական գործիչներ հայտնվեցին ճաղերի ետևում։ Նրանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների, և այդ ամենը նրանց առողջական վատ վիճակի դեպքում, ինչպես, օրինակ, Լեյլա և Արիֆ Յունուսների դեպքում։ Ճնշումների և վտարումների ենթարկվեցին նաև ամերիկյան հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչներն ու աշխատակիցները, որոնք հետապնդումների ենթարկվեցին, ձերբակալվեցին, ինչպես Խադիջա Իսմայիլովան»,- ասվում է սպասվող միջոցառման մամուլի հաղորդագրությունում։

Լսումներին հրավիրված է Յունուսների դուստրը՝ Դինարա Յունուսը, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Միրիամ Լենսկոյը, Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Թամարա Գրիգորևան։ Միջոցառումը վարելու է ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղական Դևիդ Քրամերը։

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում տեղի են ունենալու նոյեմբերի 1-ին: ԵԱՀԿ խորհրդարանական վեղաժողովը դիտորդներ չի ուղարկելու նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս որոշումն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան:

Կաներվան նման որոշում է կայացրել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումների պատճառով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ընտրություններին նույնպես դիտորդներ չի ուղարկում:

«Ադրբեջանի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել մեր ԵԱՀԿ ավանդական գործընկերոջ՝ ԺՀՄԻԳ-ի աշխատանքներում: Որպես արդյունք՝ ԺՀՄԻԳ-ը ստիպված է եղել չեղարկել դիտորդական այցելությունն Ադրբեջան: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այս պայմաններում մենք նույնպես չմասնակցենք Ադրբեջանի ընտրություններին», - ասել է նա: Որոշումը սեպտեմբերի 23-ին հաստատել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

Կարդացեք նաև՝ ՄԻԵԴ. Ադրբեջանը €30.000 կվճարի 2010-ի ընտրություններում ընդդիմադիրների իրավունքները խախտելու համար

Ընտրությունների նախաշեմին Ադրբեջանից արտաքսվել են Amnesty International-ի աշխատակիցները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---