Իսրայելը մտադիր է 2 տարում «առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիր կնքել ԵՏՄ հետ»

Իսրայելը մտադիր է 2 տարում «առևտրի ազատ գոտու մասին համաձայնագիր կնքել ԵՏՄ հետ»

PanARMENIAN.Net - Իսրայելը հուսով է, որ 2016-ի սկզբին կսկսվեն ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտու մասին բանակցությունները և մոտավորապես 2 տարում հնարավոր կլինի համաձայնագիր կնքել: Այդ մասին հայտնել է Իսրայելի կառավարության անդամ, ռուս-իսրայելյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Զեև Էլկինը:

Իսրայելի հետ այդ հարցի շուրջ բանակցություններ սկսելու մասին որոշումն ԵՏՄ անդամ 5 երկրների` ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի, ղեկավարներն ընդունել են Ղազախստանում տեղի ունեցած գագաթնաժողովում:

«Մենք առաջարկում ենք ռուսական կողմին բանակցություններ սկսել արդեն տարեսկզբին և 2016-ի ընթացքում ավարտել բանակցությունների առնվազն 2 փուլը: Բարդ է նախապես կանխատեսել համաձայնության ճշգրիտ ամսաթիվը, դա կախված է նրանից, թե որքան բարդ կլինեն հարցերը: Որպես կանոն, նորմալ տեմպով աշխատելու դեպքում, 2-2,5 տարում հնարավոր կլինի մոտենալ նման համաձայնագրի կնքմանը»,-ասել է Էլկինը` պատասխանելով ռուսական լրատվական գործակալությունների հարցերին:

«Մենք մեր հերթին կանենք ամեն ինչ, որպեսզի դա որքան հնարավոր է արագ լինի: Մենք կարծում ենք, որ դա մեծ ներուժ ունի Իսրայելի տնտեսության և ԵՏՄ անդամ երկրների համար: Կարծում եմ, որ ձգձգելու պատճառ չկա»,-հավելել է նա:

Բանակցություններ սկսելու մասին որոշումը կայացվել է փորձագետների երկարատև աշխատանքի հիման վրա, որոնք եզրակացություն են ներկայացրել առևտրի ազատ գոտու ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ: Իսրայելի համար արդյունքը կլինի ապրանքաշրջանառության աճը ԵՏՄ երկրների հետ 6-8 տոկոսով: Ռուսաստանի համար աճն այնքան մեծ չի լինի` մոտ 10 տոկոս, սակայն մասնագետները հուսով են, որ ինտեգրումը նոր որակ կապահովի Իսրայելի հետ հարաբերություններում` ակտիվացնելով ներդրումներն ու տեխնոլոգիաների ներմուծումը:

Էլկինը, որը համատեղում է Իսրայելի ներգաղթի և հայրենադարձների ադապտացիայի նախարարի պաշտոնը Երուսաղեմի գծով նախարարի պաշտոնի հետ, հոկտեմբերի 28-ին կմասնակցի միջակառավարական հանձնաժողովի ամենամյա նիստին, որն այս անգամ անցնում է Մոսկվայում:

«Հոկտեմբերի 28-ին ես կհանդիպեմ հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ, որից հետո տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստը, կստորագրվեն համապատասխան համաձայնագրերն ու արձանագրությունները, որոնք պատրաստ կլինեն»,-հայտնել է նա, գրում է «Փրայմը»:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: 2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---