Անդրեյ Բիտովն իր «Հայաստանի դասերը» գրքի համար մրցանակ է ստացել

Անդրեյ Բիտովն իր «Հայաստանի դասերը» գրքի համար մրցանակ է ստացել

PanARMENIAN.Net - Հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովը դարձել է «Յասնայա պոլյանա» գրական մրցույթի հաղթողը «Ժամանակակից դասականներ» անվանակարգում «Հայաստանի դասերը» գրքի համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հայաստանի դասերը» գիրքը գրվել է ավելի քան 40 տարի առաջ: Այն ժամանակ Բիտովը ԽՍՀՄ գրողներից առաջինն էր, որ բացահայտ խոսեց Հայոց ցեղասպանության մասին և դատապարտեց այն:

«Յասնայա պոլյանան» ամենամյա գրական մրցանակաբաշխություն է, այն հիմնվել է 2003 թ. Լև Տոլստոյի տուն-թանգարանի և Samsung Electronics ընկերության կողմից և ամենահեղինակավորներից է Ռուսաստանում: Մրցույթը կոչված է պահպանելու ռուս դասական գրականության ավանդույթները և ժամանակակից գրականության արդիական միտումները:

«Ժամանակակից դասականներ» անվանակարգում մեծ ու փոքր ցուցակներ չեն կազմվում, ժյուրիի անդամները միանգամից ընտրում են դափնեկրին:

Մրցանակաբաշխությունը կայացել է հոկտեմբերի 28-ին: Մրցանակները հանձնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: «Ժամանակակից դասականներ» անվանակարգում Բիտովը նաև դրամական պարգև է ստացել` 1,5 մլն ռուբլի:

Բիտովը ՀՀ պատվավոր քաղաքացի է, ԵՊՀ պատվավոր դոկտոր:

Ռուս ականավոր գրող, ռուս գրականության մեջ պոստմոդեռնիստական ուղղության հիմնադիրներից մեկը` նդրեյ Բիտովը ծնվել է 1937 թվականին Լենինգրադում: Բլոկադայի ժամանակ տարհանվել է Ուրալ, հետո` Տաշքենդ: 1973-1974-ին սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում, գրել և պաշտպանության է ներկայացրել թեզ «գրականության տեսություն» մասնագիտությամբ, սակայն այն, ի վերջո, չի պաշտպանել։1965-ից ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ 1960-ից մինչև 1978-ը լույս են տեսել Բիտովի շուրջ տաս գիրք։

1978-ին ԱՄՆ-ում լույս տեսավ Բիտովի «Պուշկինի տուն» վեպը, իսկ 1979-ին մասնակցեց խորհրդային գրաքննությունը մերժող «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը։ Արդյունքում՝ զրկվեց ԽՍՀՄ-ում տպագրվելու և գրական աշխատանքով ապրուստը վաստակելու հնարավորությունից։

«Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986-ին վերադարձավ ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացավ արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն։ Այդ տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։ 1988-ին մասնակցել է Ռուսաստանի ՊԵՆ ակումբի ստեղծմանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---