Բաքվի լոբբիստական ակտիվությունը Վաշինգտոնում նվազում է

Բաքվի լոբբիստական ակտիվությունը Վաշինգտոնում նվազում է

PanARMENIAN.Net - Նավթի գների անկմանը զուգահեռ նվազում է Բաքվի լոբբիստական ակտիվությունը Վաշինգտոնում: Նման հայտարարություն են արել մի քանի լոբբիստներ, որոնք նախկինում աշխատել են Ադրբեջանի համար: Նրանք չեն ցանկացել հրապարակել անունները, սակայն նշել են, որ բոլորովին վերջերս այդ երկիրը ծախսատար և աղմկահարույց լոբբիստական արշավներ էր կազմակերպում: Օրինակ, 2011-2014 թթ. Ադրբեջանա-ամերիկյան ալիանսը (ԱԱԱ) մոտ $ 10 մլն դոլար է ծախսել Վաշինգտոնում: Սա Sunlight հիմնադրամի տվյալներն են, որը հետևում է լոբբիստական գործունեությունը գրանցող ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներին, հայտնում է contact.az-ը:

Ըստ հիմնադրամի տվյալների, Վաշինգտոնում ԱԱԱ գործունեության հիմնական ֆինանսավորողը Fabiani & Co ֆիրման էր, որը հաջորդ ամսվանից դադարեցնում է լոբբիստական գործունեությունը հօգուտ Ադրբեջանի: ԱԱԱ-ի հիմնադիրը 34-ամյա միլիարդատեր Անար Մամեդովն է, որի հայրը Ադրբեջանի տրանսպորտի նախարարն է: Մամեդովի կայքում ասվում է սեպտեմբերին Վաշինգտոն նրա այցի մասին, սակայն նա այնտեղ չի եղել տարեսկզբից:

2014-ին Մամեդովը $ 2,4 մլն է ծախսել Fabiani & Co. հետազոտության համար, որը պետք է ցույց տար, որ Ադրբեջանն «ԱՄՆ-ում ազդեցություն գնող» օտարերկրյա կառավարությունների առաջին 10-ակում է: 2015-ին, ըստ պաշտոնական աղբյուրների, Ալիանսը ևս $ 1,3 մլն է ծախսել ԱՄՆ-ում լոբբիստական նախագծերի համար:

2015-ի սկզբին դեսպան Էլին Սուլեյմանովը համաձայնագիր է կնքել Podesta Group Inc-ի հետ լոբբիստական գործունեության վերաբերյալ, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում: Այդ ծառայությունները մատուցվելու են 2015-ի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Ադրբեջանը ամսական 25.000 դոլար է վճարում, գումարած ծախսերը լրացուցիչ ծառայությունների համար, ասվում է նախարարության կայքում: Podesta-ն, որը երաշխավորում է Վաշինգտոնի ազդեցիկ անձանց մատչելիությունը Ադրբեջանի պաշտոնյաների համար, 2014-ին Ադրբեջանի դեսպանատնից ստացել է առնվազն 600.000 դոլար, գումարած ամսական $ 10,000 «լարցուցիչ ծառայությունների» համար, ասվում է կայքում:

Ըստ ԱՄՆ օրենսդրության, օտարերկրյա կառավարությունների լոբբիստները պարտավոր են բացահայտել բոլոր եկամուտները:

ԱՄՆ քաղաքական գործիչներին արգելված է դրամական միջոցներ ընդունել օտարերկրյա կառավարություններից, ուստի լոբբիստները հաճախ շրջանցիկ ուղիներ են փնտրում: Այդպես, 2013-ին լոբբիստական խմբի օգնությամբ SOCAR-ը ֆինանսավորեց կոնգրեսականների մեծ խմբի այցը Բաքու:

2015-ի հուլիսին SOCAR-ը պայմանագիր է կնքել ևս 2 լոբբիստական խմբի հետ` 30 Point Strategies, LLC և Global Policy Initiatives- հետ, ամսական վճարելով 25.000 դոլար:

Ի տարբերություն SOCAR-ի, մյուս ավանդական «խաղացողները» ինչպես, օրինակ, Բաքվում գործող Renaissance Associates խումբը, կրճատում են պայմանագրերը 2015-ի համար:

Վաշինգտոնում արդեն կատակ է շրջանառվում ադրբեջանցի դիվանագետների լոբբիստական գործունեության մասին: Մեկնաբաններից մեկը, որը վաղուց է հետևում Ադրբեջանի անցուդարձին, իր տպավորությունները կիսել է Turan-ի թղթակցի հետ: «Եթե հարցնեք ադրբեջանցի դիվանագետներին, ինչ է կատարվում իրենց երկրում, նրանք կպատմեն Ռուսաստանի և Իրանի դավերի մասին, և այն մասին, թե ինչ է կատարվում այնտեղ: Եթե կրկին հարցնեք նրանց երկրի խնդիրների մասին, նրանք ձեզ կպատմեն, թե որքան ծանր է կայնքը Հայաստանում: Եթե հարցնեք, թե ինչ է պետք անել բարելավելու համար իրավիճակն Ադրբեջանում, նրանք կասեն, որ Ամերիկան չի աշխատում, որ իրավիճակն Ադրբեջանում բարելավվի»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի խոսնակին մեղադրում են Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ: Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Ջոն Բոների հրաժարականի պատճառներից մեկը մի խումբ կոնգրեսականների այցն էր Ադրբեջան 2013-ի մայիսին: Այդ այցելության նախաձեռնողը ոչ կառավարական կազմակերպություն էր, սակայն, հետագայում պարզվեց, որ այն ֆինանսավորվել է ադրբեջանական SOCAR ընկերության կողմից:

Ավելի վաղ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն տարածեց` ԱՄՆ կոնգրեսականների այցերը Ադրբեջանի կողմից ֆինանսավորման մասին ԱՄՆ Կոնգրեսի էթիկայի բյուրոյի զեկույցը հրապարակելու պահանջով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---