Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում

Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ կանցկացնի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

«Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը կենտրոնանալու է այն խնդրի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Նաև նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար նախնական վերլուծություն է արվելու, նշվելու են, թե ինչ ազդեցություն կունենան դրանք երկրի ապագայի համար:

Քննարկմանը մասնակցելու է նաև Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Սենատում անցկացվել են լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

«Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի հասարակությունը ենթարկվեց աննախադեպ ճնշումների և ոչնչացման։ Տասնյակ լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, քաղաքական և կրոնական գործիչներ հայտնվեցին ճաղերի ետևում։ Նրանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների, և այդ ամենը նրանց առողջական վատ վիճակի դեպքում, ինչպես, օրինակ, Լեյլա և Արիֆ Յունուսների դեպքում։ Ճնշումների և վտարումների ենթարկվեցին նաև ամերիկյան հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչներն ու աշխատակիցները, որոնք հետապնդումների ենթարկվեցին, ձերբակալվեցին, ինչպես Խադիջա Իսմայիլովան», - ասվում էր միջոցառման մամուլի հաղորդագրությունում։

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---