Հայոց ցեղասպանություն. Նոյեմբերի 21-ին թուրքերը մտադիր են բողոքի զանգվածային ակցիա կազմակերպել Փարիզում

PanARMENIAN.Net - Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջեւ տեղի է ունեցել բողոքի ցույց, որի կազմակերպիչներն էին Թուրքիայի աշխատանքային կուսակցությունը եւ մի շարք հայրենասիրական կազմակերպություններ: Միջոցառմանը ելույթ ունեցած Աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղարը, երկրում ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ Դողու Պերինչեկը հայտարարել է, թե «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական ուժերի հորինվածքն է, որոնք փորձում են օգտագործել այդ թեման իրենց զավթողական ծրագրերում»: Նրա խոսքերով, կուսակցության ղեկավարությունը նոյեմբերի 21-ին բողոքի զանգվածային ակցիա կկազմակերպի Փարիզում: Ակցիայի նպատակը կլինի կոչ անել Ֆրանսիային «չդառնալ խամաճիկ ԱՄՆ մերձավորարեւելյան ծրագրերի ձեռքերում»:



Թուրքիայի աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Պերինչեկը կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին մասնակցել ցույցին, ինչպես նաեւ նոյեմբերի 21-ին ընդհանուր մամլո ասուլիս կազմակերպել Փարիզում: Ըստ նրա, նոբելյան մրցանակի հանձնումը Օ.Փամուկին այն իրողության վկայությունն է, որ Թուրքիան գտնվում է վտանգավոր իրադարձությունների շեմին: Այդ մրցանակը նա անվանել է «հատուցում երկրի ազգային շահերի դավաճանության համար»: Նա նաեւ կոչ է արել երկրի քաղաքական ուժերին շարունակել բողոքի ցույցերն այնքան ժամանակ, մինչեւ որ Ֆրանսիան չեղյալ հայտարարի Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող հոդվածը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---