Օհանյան. Ժամանակն է հրադադարի խախտումների միջազգային հետաքննություն անցկացնել

Օհանյան. Ժամանակն է հրադադարի խախտումների  միջազգային հետաքննություն անցկացնել

PanARMENIAN.Net - Եկել է ժամանակը լիարժեք միջազգային հետաքննական պայմաններ ապահովելու, ինչը կարող է լիարժեք գնահատական տալ, թե հրադադարի խախտումները որ կողմից են: Այս մասին նոյեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեր կարծիքն է, որ պետք է գնահատական տալ և պետք է թիրախավորել այն կողմին, որը իրականում խախտում է հրադադարը», - ասել է Օհանյանը, մեջբերում է Tert.am-ը:

Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքն ի վերջո բերում է նրան, որ ո՛չ պատերազմ և ո՛չ էլ խաղաղություն իրավիճակը և հարաբերական զինադադարի պայմանները պահպանվում են:

Անդրադառնալով վերջին զարգացումներին, Օհանյանը տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից կրակոցները սահմանին նվազել են, վերջին երկու շաբաթվա ընթացքում կարելի է ասել, որ հասել են մինիմումի։

Նրա խոսքով՝ նման միտումը նաև պայմանավորված է հարևանների ներքին խնդիրներով, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի ընտրություններով:

«Հիմա մենք խիստ վերահսկում ենք, համապատասխան վերլուծություններ ենք կատարում և մեր զինուժը հատկապես պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած զարգացումների», - ասել է Օհանյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Սարգսյանը կոչ է արել հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության և դատապարտման գործում, որը Հանրապետության նախագահի համոզմամբ, չափազանց կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների բացառման տեսանկյունից:

Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համար կրկին անհայտ է դիտարկման ժամանակ հրադադարը խախտած կողմը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---