Մատվիենկո. ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ՀՀ-ի նախագահությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը

Մատվիենկո. ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ՀՀ-ի նախագահությունը կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Նախ տեղի է ունեցել նրանց առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով:

Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցով է գտնվում Հայաստանում նոյեմբերի 2-3-ին:

Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ և նշել, որ հայ ժողովուրդը սգում է եղբայրական ռուս ժողովրդի հետ:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ Մատվիենկոյի այցն էապես կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, և այս համատեքստում կարևորել գործակցությունը խորհրդարանական ձևաչափում:

Դաշնության խորհրդի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի միջև բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը: Մատվիենկոն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների և կառավարությունների միջև ակտիվ և սերտ երկխոսությունը, ինչը նպաստում է երկու ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրների կապերի հետագա ամրապնդմանը:

Միաժամանակ, նա շեշտել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Հայաստանի կողմից ստանձնելը կնպաստի անվտագության և տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացմանն ու կյանքի կոչմանը:

2015-ի սեպտեմբերին ՀՀ-ն Տաջիկստանի Հանրապետությունից ստացել է ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը: Հայաստանը ԵՏՄ-ում նախագահությունը կստանձնի մեկ տարով՝ 2016-ից:

Խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի մասին՝ Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու երկրների տարածաշրջանների միջև հարաբերությունների խորացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին:

Աբրահամյանի խոսքով՝ առկա է փոխգործակցության մեծ ներուժ ապակենտրոնացված գործակցության ոլորտում, ինչի իրացմանը նոր ազդակ կարող է հաղորդել Մատվիենկոյի մասնակցությամբ Երևանում անցկացվելիք հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ համաժողովի ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների տարածաշրջանների միջև ավանդական դարձած գործակցությանն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ տեղեկատավակական տեխնոլոգիաների, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվելիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, տարածաշրջանային խնդիրներին:

Նոյեմբերի 2-3-ը «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը` «Հայաստան-Ռուսաստան: Եվրասիական տնտեսական միություն: Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրով:

Նոյեմբերի 2-ին անցկացվել է Առաջին հայ-ռուսական տնտեսական ֆորումը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---