ԱՆ. Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը կկատարելագործվի

ԱՆ. Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը կկատարելագործվի

PanARMENIAN.Net - Պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգում փոփոխություններ են սպասվում: Այդ մասին տեղեկացրել է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Նոյեմբերի 3-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արման Դանիելյանը լրագրողներին հայտարարել էր, թե պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգի խնդիրները, չնայած պատկան մարմինների խոստումներին, չեն լուծվում և ավելին, տարեց տարի դրանք խորանում են: Նա ասել էր, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը չի գործում:

Միաժամանակ, արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասել է, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարությամբ, ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունում աշխատանքներ են իրականացվում պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համակարգի կատարելագործման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մշակման ուղղությամբ, գրում է Panorama.am-ը:

«Մասնավորապես, դրանց արդյունքում կպարզեցվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնող մարմինների համակարգը, կսահմանվեն այն օբյեկտիվ չափանիշները, որոնց հիման վրա համապատասխան մարմինները պետք է որոշեն դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը, ինչպես նաև կհստակեցվեն յուրաքանչյուր մարմնի գործառույթները: Այս նպատակների իրագործման համար ՀՀ արդարադատության նախարարությունում այժմ ուսումնասիրվում են մինչ այս պահը եղած առաջարկները, որից հետո նոր նախագիծ կդրվի շրջանառության մեջ», - ասել է Մարտիրոսյանը:

Նոլեմբերի 2-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) հինգ կալանավոր հացադուլ է սկսել, ևս երեքն էլ այդ ծայրահեղ քայլին էին դիմել նախորդ շաբաթա վերջից։ Հացադուլավորները բողոքում են վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ՝ պնդելով, որ այն թափանցիկ չի գործում, կայացված որոշումներն էլ չեն հիմնավորվում:

Հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 դատապարտյալ անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրենց քրեական գործերի վերանայում: Հաջորդ երկու օրերին նրանց միացան ևս 5 դատապարտյալ: «Նուբարաշեն»-ում հացադուլ հայտարարած ավելի քան 50 դատապարտյալներն հոկտեմբերի 16-ին դադարեցրել են հացադուլը:

Հոկտեմբերի 15-ին Կառավարության դիմաց էին հավաքվել դատապարտյալների հարազատները և կրկին պահանջում էին գործերի վերանայում: Նրանք նաև եղան նախագահական նստավայրի մոտ և դիմում հանձնեցին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---