ԵԱՀԿ և ԵԽԽՎ. Նախընտրական արշավը Թուրքիայում ուղեկցվել է բռնություններով և անցել վախի մթնոլորտում

ԵԱՀԿ և ԵԽԽՎ. Նախընտրական արշավը Թուրքիայում ուղեկցվել է բռնություններով և անցել վախի մթնոլորտում

PanARMENIAN.Net - Արևմտյան դիտորդները քննադատել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները Թուրքիայում և այն մթնոլորտը, որը տիրում էր ընտրարշավի ժամանակ: Իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը կրկին մեծամասնություն ստացավ խորհրդարանում, սակայն ԵԱՀԿ ներկայացուցիչները նշում են, որ նախընտրական գործընթացը շատերին զրկեց ընտրարշավին մասնակցելու հնարավորությունից, հայտնում է Euronews-ը:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության հրապարակված զեկույցում ասվում է, որ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցել են լուրջ քաղաքական մրցակցության պայմաններում, սակայն բարդ իրավիճակն անվտանգության տեսակետից, բազմաթիվ հարձակումները կուսակցությունների անդամների և ընտրարշավի ակտիվիստների վրա, խանգարում էին ազատ ընտրապայքարին, իսկ մամուլի ազատության սահմանափակումը մտահոգություն է առաջացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Թեև Թուրքիայի քաղաքացիները կարող էին ընտրություն կատարել այս բևեռացված ընտրարշավում ուժեղ քաղաքական այլընտրանքների միջև, ԶԼՄ-ների արագ նվազող ազատությունը և արտահայտման սահմանափակումը ընդհանուր առմամբ ազդել են ընտրական գործընթացի վիա և խորը մտահոգություն են առաջացնում»,-ասվում է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչեսի հայտարարության մեջ: «Ֆիզիկական հարձակումները կուսակցությունների անդամների վրա, ինչպես նաև լուրջ մտահոգություններն անվտանգության ոլորտում, հատկապես հարավ-արևելքում, լրացուցիչ սահմանափակումներ էին ներմուծում ընտրական պայքարի մեջ»,-ասել է նա:

Մասնավորապես ընտրությունների մթնոլորտի վրա իր ազդեցությունը թողեց հոկտեմբերի 10-ի պայթյունն Անկայաում, երբ բոլոր քաղաքական կուսակցությունները, ժամանակավորապես դադարեցրին ընտրարշավը, ասվում է հայտարարության մեջ:

Իսկ ԵԽԽՎ անդամ Անդրեաս Գրոսն էլ ավելի խիստ է արտահայտվել. «Ցավոք, մենք ստիպված ենք խոստովանել, որ ամբողջ նախընտրական արշավն անարդար էր, ուղեկցվել է ուժի կիրառմամբ և անցել է վախի մթնոլորտում: Իսկ վախը ժողովրդավարության և ազատ ընտրությունների թշնամին է»: Նա հորդորել է Թուրքիայի նախագահին առավել ներառական քաղաքական գործընթաց նախաձեռնել, որը կընդգրկեր նաև ընտրություններում պարտված ուժերին` լուծելու համար երկրի առջև ծառացած խնդրները:

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո առավելապես քրդերով բնակեցված Դիարբեքիրում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունը հազիվ կարողացավ խորհրդարան անցնել` քվեարկության ընթացքում կորցնելով աջակցության ավելի քան 3%-ը:

Թուրքական իշխանություններին քննադատում են բռնության և վախի մթնոլորտ ստեղծելու համար: Արևմտյան դիտորդները նշում են նաև աճող ճնշումը ԶԼՄ-ների վրա: Անցած շաբաթ ոստիկանությունը շրջայց է կատարել «Կոզա իպեկ» մեդիա խմբի գրասենյակում, որի լրագրողները քննադատում են երկրի կառավարությանը: Արդյունքում նշանակվեց ընկերության նոր ղեկավար:

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրւթյուններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50 տոկոսը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել:

Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---