Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը հիմնանորոգվում է ու արդիականացվում

Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը հիմնանորոգվում է ու արդիականացվում

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվում է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լայնածավալ հիմնանորոգումը և արդիականացումը:

Հիմնովին վերանորոգվում են 1973-ին կառուցված շենքի երեք մասնաշենքը (4958 քմ): Հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկում են շենքի վերահատակագծում, ուժեղացում, էվակուացիոն աստիճանների կառուցում, ինչպես նաև հարկի ավելացում կենտրոնական մուտքի հատվածում: Նորոգվել են աստիճանները, փոխվել են դռներն ու պատուհանները, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերը, տեղադրվել են օդափոխության և հակահրդեհային ջրային համակարգեր, ընթացքում է հակահրդեհային ազդանշնային և տեսահսկողության համակարգերի տեղադրումը և նոր տանիքի կառուցումը:

Թեքահարթակների կառուցումն ու վերելակի տեղադրումը ոչ միայն հնարավորություն կտան հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ուսանել այստեղ, այլև կդյուրացնեն սաների տեղաշարժը կրթօջախի ներսում: Իսկ նոր կառուցվող բեմահարթակը ժամանակակից որակ կհաղորդի համերգասրահին:

Ներքին բակում կարդիականացվի լուսավորությունը, կտեղադրվեն տաղավարներ ու նստարաններ, ինչը դպրոցի շրջակայքը հարմարավետ ու գեղեցիկ դարձնելուց բացի, այլև առավել գրավիչ պայմաններ կստեղծի ուսման և ժամանցի համար:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հարապետության դեսպանությունն էլ իր ներդրումն է ունեցել ծրագրում` $10.000 արժողությամբ երաժշտական գործիքներ նվիրաբերելով մասնագիտական դպրոցին:

Նախորդ տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարբեր ծրագրերով աջակցել է այս կրթօջախին: 2011-ին հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի հովանավորությամբ հիմնվել է աուդիո-վիզուալ լաբորատորիա` անհրաժեշտ սարքավորումներով, ձայնադարանով ու երաժշտական գործիքներով: Վերանորոգումից հետո մասնագիտական այս սենյակը կգործի արդիականացված պայմաններում: 2012-ին էլ Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմինը աջակցել է դպրոցի կահավորմանը:

2014-ին կրթօջախը տոնեց հիմնադրման 75-ամյակը: 1939-ին հիմնված դպրոցում այսօր ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր հանրակրթականին զուգահեռ բարձրակարգ երաժշտական կրթություն են ստանում դպրոցում: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարուստ ավանդույթներով այս կրթօջախն անվանել է երաժիշտների դարբնոց: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով` տասնամյակներ շարունակ իրենց սաները մասնակցում են ազգային ու միջազգային մրցույթներին, շատերն էլ հաջողությամբ հանդես են գալիս համաշխարհային բեմերից: Պատահական չէ, որ դպրոցում գործող սիմֆոնիկ և փողային նվագախմբերին, ջութակահարների անսամբլին, երգչախմբին համալրելու է եկել ջազ-բենդը: Տնօրենը հպարտությամբ նշում է, որ դպրոցի հիմնը հեղինակել է դպրոցի սան Ալեքսանդր Հարությունյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---