Մորնինգսթար. ԱՄՆ և Ադրբեջանի հարաբերությունների վիճակն «անմխիթար է»

Մորնինգսթար. ԱՄՆ և Ադրբեջանի հարաբերությունների վիճակն «անմխիթար է»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ է անցկացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

«Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը կենտրոնացել էր այն խնդրի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար:

Քննարկմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, որն այժմ Վաշինգտոնում Գլոբալ էներգետիկ կենտրոնի տնօրենն է: Մասնակիցների թվում էին նաև Միջազգային ոչ առևտրային կենտրոնի փոխնախագահ Նատալյա Բուրժեյլոն, դատապարտված իրավապաշտպաններ Լեյլա և Յունուս Արիֆների դուստրը` Դինարա Յունուսը, կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթը:

Ռիչարդ Մորնինգսթարը զարմանալի է համարել պաշտոնական Բաքվի տրամաբանությունն ու քաղաքականությունը: «Ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է ստանում Ադրբեջանի կառավարությունն այս բոլոր հետապնդումներից: Ինչ է դա տալիս Արևմուտքի հետ հարաբերությունները բարդացնելուց բացի»,-ասել է նա:

Մորնինգսթարը ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն է համարել այն հարցերը, որոնք լրջորեն վատթարացրել են Բաքվի հարաբերությունները Վաշինգտոնի հետ, երբ նա դեռ դեսպան էր: Երկկողմ հարաբերությունների մակարդակը նա անվանել է «անմխիթար», չնայած «ընդհանուր ռազմավարական շահերի առկայությանը»: 2 հիմնական գործոնը, որ հարկավոր են Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման համար, մարդու իրավունքների հարցերն են, որոնց վիճակը կտրուկ վատթարացավ 2013-ի նախագահական ընտրություններից հետո, և առաջընթացի բացակայությունը ղարաբաղյան կարգավորման հասրում:

«Բաքուն կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է վճռական քայլերի դիմի խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»«-ասել է նա: Ըստ նրա, Վաշինգտոնի համար Ադրբեջանը «նախկինի պես կարևոր է», թեև Բաքուն պետք է խոստովանի, որ ԱՄՆ վերաբերմունքը մարդու իրավունքների ոլորտին անփոփոխ է մնում: Բաքուն պետք է կոնկրետ քայլեր կատարի այս ոլորտում:

Դիմելով ներկաներին` Դինարա Յունուսն ասել է, որ իր ծնողներին պատժում են իրավապաշտպան գործունեության համար: «Ես չեմ ուզում հաջորդ այցիս ժամանակ ասել, թե նրանք մահացել են: Մայրս շատ հիվանդ է, իսկ հայրս մեկուսարանում է պահվում, չնայած երկու հիպերտոնիկ կրիզ է տարել: Ես շատ եմ վախենում նրանց համար»,-ասել է նա:

Նատալյա Բուժեյլոն իր հերթին արձանագրել է, որ քաղաքացիական ազատություններն Ադրբեջանում կտրուկ վատթարացել են վերջին տարիներին: Ադրբեջանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ օտարեկրյա կազմակերպությունը պետք է 3 անգամ գրանցվի: Ես չգիտեմ ոչ մի օտարերկրյա կազմակեպրություն, որը գրանցված լինի Ադրբեջանում 2009-ից հետո»,-ասել է նա, հայտնում է Contact.az-ը:

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:

Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին: «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել է Շուլցը:

Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ Պետքարտուղարության՝ Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ Կառույցը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---