Սպիտակ տուն. ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել ճնշումն ԻՊ հանդեպ

Սպիտակ տուն. ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել ճնշումն ԻՊ հանդեպ

PanARMENIAN.Net - ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները հեռախոսազրույցի արդյունքում որոշել են սաստկացնել ճնշումը «Իսլամական պետության» հանդեպ և քննարկել են կարգավորման ուղիները Սիրիայում, հայտնել է Սպիտակ տունը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:

«Ղեկավարները քննարկել են իրավիճակը Սիրիայում և կարևորել են սիրիական չափավոր ընդդիմության հզորացմանն ու ԻՊ հանդեպ ճնշման ուժեղացմանն ուղղված համատեղ ջանքերի ընդլայնումը: Նրանք քննարկել են նաև բանակցությունների ընթացքում հակամարտության հանգուցալուծման համար պայմանների ստեղծումը` ներառյալ քաղաքական անցումը Սիրիայում»,-հայտարարել են Սպիտակ տանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ն օգտագործում է Թուրքիայի օդային տարածքը և «Ինջիրլիկ» ավիաբազան ԻՊ դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար: Անցած շաբաթ Օբամայի վարչակազմը հայտարարեց ԻՊ դեմ պայքարին ուղղված ռեսուրսների ավելացման մասին, մասնավորապես, խոսքը հավելյալ ինքնաթիռներ «Ինջիրլիկ» տեղափոխելու մասին է:

Օբաման նաև քննարկել է Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ «Մեծ քսանյակի» առաջիկա գագաթնաժողովն Անթալիայում, որին ինքը ևս մտադիր է մասնակցել: Օբաման նաև շնորհավորել է նոյեմբերի 1-ին կայացած ընտրությունների կապակցությամբ: Սպիտակ տան հաղորդագրության մեջ չի ասվում Թուրքիայի հասցեին որևէ քննադատության մասին: Օբաման նաև հայտարարել է, որ Թուրքիայում պետք է կասեցվեն ՔԱԿ կազմակերպած ահաբեկչական գործողությունները:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավքութօղլուն իր հերթին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԻՊ դեմ պայքարում ընդհանուր ռազմավարություն է հարկավոր, որը կներառի ինչպես ցամաքային գործողություններ, այնպես էլ ավիահարվածներ:

Դավութօղլուն հավելել է, որ Թուրքիան չի կարող իր վրա վերցնել միայնակ պայքարի ամբողջ ծանրությունը, սակայն պատրաստ է մասնակցել համատեղ գործողություններին: Նա հավելել է, որ եթե պահպանվի «ուժի վակուումը», տարածաշրջանում կարող է նոր ահաբեկչական խմբավորում հայտնվել, նույնիսկ ԻՊ դեմ ցամաքային գործողության դեպքում:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---