Իվանիշվիլի. Հավանական է՝ Վրաստանն իրանական գազ ստանա

Իվանիշվիլի. Հավանական է՝ Վրաստանն  իրանական գազ ստանա

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե մեծ է հավանականությունը, որ Վրաստանն իրանական գազ կստանա:

Իվանիշվիլիի խոսքով՝ շատ կարևոր է Իրանի հետ հնարավորինս ամուր և խորը առևտրային հարաբերություններ հաստատել, Грузия online կայքին հղումով գրում է Tert.am-ը:

«Մոտ երկու ամիս առաջ ես հանդիպում եմ ունեցել ԱՄՆ-ի դեսպանի հետ: Մենք ակտիվորեն աշխատում ենք նաև կառավարության այլ անդամների հետ՝ տնտեսության բոլոր ճյուղերում: Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը մեզ շատ են պետք: Եվ ես կարծում եմ՝ մեծ է հավանականությունը, որ իրանական գազը մտնի Վրաստան», - հայտարարել է Իվանիշվիլին ու ընդգծել, որ չի կարող խոսել մանրամասների մասին, քանի դեռ կառավարությունն ինքն այդ հարցերը չի ներկայացրել հանրությանը:

Իվանիշվիլիի խոսքով՝ ինքը բանակցություններին մասնակցում է որպես գործարար։

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն 2015-ի նոյեմբերի 5-ին հայտարարել է, որ ապագայում Վրաստանը կարող է գազ գնել Իրանից:

Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկն, ուստի Վրաստանին գազի լրացուցիչ ծավալ է հարկավոր Ռուսաստանից:

2015-ի հունվար-սեպտեմբերին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է մոտ 968 հազար տոննա գազ` մոտ $ 202 մլն, ինչը 25 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ադրբեջանը գազի հիմնական առաքիչն է այդ երկիր, բացի այդ Վրաստանը գազ է ստանում Ռուսաստանից որպես վճար դեպի Հայաստան գազի տարանցման համար` Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարով: Ռուսաստանից գազի առաքումների վերսկսման հնարավորությունը սկանդալի պատճառ դարձավ Վրաստանում`նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մեղադրում են Վրաստանի իշխանություններին երկրի արևմտամետ քաղաքական կուրսը փոխելու մտադրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---