Կանադայում հրատարակվել է Թաներ Աքչամի նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Տորոնտոյի Զորյան հայկական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է Թաներ Աքչամի նոր գիրքը «Խայտառակ արարք. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքերի պատասխանատվության խնդիրը» վերնագրով: Այդ մասին գրում է Armenian mirror spectator-ը: Որպես վերնագիր հեղինակն ընտրել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի խոսքերը, որ նա ասել է 1920 թվականի ապրիլի 24-ին խորհրդարանի փակ նիստում: Գիրքն արդեն հասցրել է դրական արձագանքներ ստանալ միջազգային մամուլում: Հեղինակավոր «The Economist» ամսագիրը հոկտեմբերի 21-27 համարում նշել է. «Այդ գիրքը, որը գրվել է ճիշտ ժամանակին եւ խորը հետազոտությունների արդյունք է, լուսաբանում է երկու փաստ: Առաջին հերթին, այն, որ բռնագաղթի օտարերկրյա ականտեսներից շատերը (այդ թվում գերմանացիները, ավստրիացիները, որոնք թուրքերի դաշնակիցներն էին) եկել են այն եզրակացության, որ նպատակը ոչ թե բռնագաղթն էր, այլ ջարդը: Երկրորդը` ինչու մինչ օրս Թուրքիայում պայմաններ չեն ստեղծվել այդ հարցի ազատ քննարկման համար»: «Նյու Յորք Թայմսի» մեկնաբան Բելինդա Կուպերը գրել է. «Աքչամը այն հազվագյուտ գիտնականներից մեկն է, որը մարտահրավեր է նետել իր հարազատ Թուրքիային, որը համառորեն պնդում է, թե չի եղել հայերի կազմակերպված սպանդ: Աքչամը առաջին թուրք մասնագետն է, որը հրապարակայնորեն օգտագործում է «ցեղասպանություն» բառը»: Իր հերթին Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկն ընդգծել է, որ «Խայտառակ արարքը» եզրափակիչ զեկույցն է օսմանյան հայերի կազմակերպված ոչնչացման մասին, գրված խիզախ թուրք գիտնականի կողմից, որը նվիրել է իր կյանքը պատմական իրադարձությունների շարադրանքին: Պատմության եւ ոչ մի քննարկում չի կարող զերծ մնալ այս գրքից»:



Թաներ Աքչամը գիրքը նվիրել է «բարեպաշտ թուրք մահմեդական Խաջի Խալիլի հիշատակին, որը վտանգելով իր կյանքը բռնագաղթի օրերին փրկել է եւ 6 ամսից ավելի իր մոտ է պահել մի հայ ընտանիքի»: Նախաբանում նա նշել է, որ Խաջի Խալիլի մասին նա առաջին անգամ լսել է Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանից, երբ նա 1995 թվականին Հայաստանում կայացած գիտաժողովի ժամանակ հաղորդեց, որ իր ընտանիքի 8 անդամներին մահից փրկել է Խաջի Խալիլը: Աքչամին ցնցել է «բարության եւ մարդասիրության այս յուրօրինակ հաղթանակը չարիքի հանդեպ, ինչպես նաեւ այն փաստը, որ հայը բարձր ամբիոնից համարձակություն ունեցավ գովասանքի խոսքեր ասել թուրքի հասցեին»: Նա եզրակցրեց, որ «նման համարձակ քայլերը մատնանշում են տարբեր տիպի հարաբերությունների առկայության հնարավորությունը հայերի եւ թուրքերի միջեւ»:



Զորյան ինստիտուտը օգնել է գիրքը թարգմանել անգլերեն: Նախատեսվում է նաեւ գիրքը հրատարակել իվրիտով, հայերեն եւ այլ լեզուներով: «Որքան շատ լինեն նման գրքերի հրատարկությունները, այնքան լավ թուրքերը կիմանան եւ կկարողանան կասկածի տակ դնել պետության ներկայացրած սուտը»,-ասել է Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը, հաղորդում է «Ազգ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---