Նախարար. ՀՀ-ում դեղերի էժանացման միտում կա

Նախարար. ՀՀ-ում դեղերի  էժանացման  միտում կա

PanARMENIAN.Net - Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվել է դեղամիջոցների գների նվազում: Այս մասին նոյեմբերի 19-ին ՀՀ կառավարության նիստում հայտնել էՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝ դեղերի շուկայում մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մշտադիտակվել են չորս խոշոր ներկրողի ամենավաճառվող հիսուն դեղամիջոցի գները:

«Դեղերի 60%-ի գները մնացել են անփոփոխ, 34%-ի գները նվազել է 30%-ով, իսկ 6%-ի գները՝ թանկացել 3%-ով»,- ընդգծել է Մուրադյանը, գրում է Panorama.am-ը:

Նա նաև հայտնել է, որ յուրաքանչյուր ամսվա ընթացքում կտեղեկացնեն իրենց ուսումնասիրությունների արդյունքները:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ բազմաթիվ նամակներ է ստանում, որոնցով իրեն տեղեկացվել է՝ դեղերի գներն անհիմն թանկացել են:

«Պարզվում է, որ թանկացում չկա, հակառակը՝ գները նվազել են»,- նշել է նա՝ հավելելով, որ պետք է հանրությանը մշտապես տեղեկացնել այդ մասին:

Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն:

Հետևելով նախարարի հորդորին` «Տակեդա» դեղագործական կազմակերպությունը 60 դեղի գին իջեցրել է:

Մասնավորապես, Ակտովեգին դեղամիջոցների խումբն էժանացել է 19-20%-ով, Կալցիում Դ3 դեղամիջոցների խումբը՝ 9.6-11%-ով, Վարֆարինը՝ 6.6-19%-ով, Կարդիոմագնիլը՝ 9.6-10%-ով, Նազիվինը՝ 11.7-11.9%-ով, Էութիրoքսը՝ մոտ 11%-ով, Կոնկորը՝ 1.7-13.3%-ով:

Նոյեմբերի 13-ին դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում օրակարգում էր ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնի առաջնահերթությունը ևս մեկ անգամ դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարներին հորդորեց վերանայել ներմուծվող դեղերի գները:

Նա շեշտել է, որ դեղերի գների իջեցումը բնակչության համար շատ կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի նաև դեղերի ստվերային շրջանառության նվազեցմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---