Նախարարություն. ՀՀ-ում 6.890 վտանգավոր վերելակ կա

Նախարարություն. ՀՀ-ում 6.890 վտանգավոր վերելակ կա

PanARMENIAN.Net - 2015-ի նոյեմբերի 1-ի դրությամբ՝ պետական ռեգիստրում գրանցվել է 17.450 արտադրական վտանգավոր օբյեկտ, որից վերելակները 6.890-ն են, ամբարիչ սարքավորումներ՝ 4.531, կաթսայատներ՝ 1.635, ավթաբենզալցակայաններ՝ 681 և այլն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը նոյեմբերի 20-ին տեխնիկական անվտանգության ապահովման խնդիրները թեմայով ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ, որը կազմակերպել էր Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը:

«6.890 վերելակից տեխզննություն չի անցել 3.335-ը: Եթե տուգանենք, ապա մեկ միլիոն դրամ պետք է տուգանենք, մենք պետք է տուգանենք համատիրության ղեկավարին, եթե այդ համատիրության ղեկավարը ունենա այդ մեկ միլիոնը, կվերանորոգի։ Այս պահին երկու քարի արանքում ենք՝ ոչ կարող ենք տուգանել, ոչ էլ չտուգանել»,- ասել է Մխիթարյանը, գրում է Tert.am-ը:

Երևանում գործող վերելակների սխալ շահագործման հետևանքով 2006 թվականից առ այսօր տեղի է ունեցել 11 դժբախտ դեպք, որոնց հետևանքով ութ մարդ զոհվել է, ութը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ տարածքային կառավարման ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը հայտնել է, որ Երևանում շահագործվում է 4341 վերելակ, որից 49-ի համար փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել: Երևանի ավելի քան 4000 վերելակից 2008 թվականից ի վեր հիմնովին նորոգվել և փոխարինվել է միայն 40-ը:

ՏԿԱԻՆ փոխնախարարին հարցրին, թե կա՞ն գոնե նախնական կանխարգելիչ միջոցներ, նա պատասխանել է, թե կամ հոսանքը անջատում են, կամ էլ «պլոմբում վերելակը»:

«Բայց դա տևում է 30 րոպե, որից հետո բնակիչները գնում են, բարձրանում տանիք, հոսանքը միացնում: Բնակչության հետ դժվար է, չեն սպասում, չեն գիտակցում, որ եթե անջատված է ուրեմն վտանգավոր է, իսկ դրա վերանորոգումը ժամերի խնդիր չէ: Այդքան վերելակների ու մուտքերի հետ դժվար է, ներուժ չունենք», - պարզաբանել է Մխիթարյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---