Պերմյակովի գործը դատախազություն է ուղարկվել

Պերմյակովի գործը դատախազություն է ուղարկվել

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն Ավետիսյանների սպանության գործն ուղարկել է Գլխավոր դատախազություն:

Ինչպես հայտնում է Armenia Today-ը, դատախազությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն, պիտի ուղարկի գործը դատարան հինգօրյա ժամկետում:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հունվարի 19-ին մահացել էր: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել, նա ընդունել էր կատարած հանցանքը: Նրան տեղափոխել էին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում:

Ըստ Պերմյակովի ցուցմունքի, նա Ավետիսյանների տանը մնացել է 10-15 րոպե, տեղանքին ծանոթ չի եղել: Զինծառայողը ցանկացել է անցնել հայ-թուրքական սահամնը, սակայն սահմանապահները ձերբակալել են: Ըստ սղագրության, «Պերմյակովը հայտարարել է, որ սկզբում սպանելու մտադրություն չի ունեցել, այլ ուղղակի վախեցնելու համար օդ է կրակել»: Ավետիսյանների տանից նա ուզում էր միայն փող վերցնել, իսկ մեկ այլ տնից հագուստ` Թուրքիա, հետո Ռուսաստան հեռանալու նպատակով: Ինքնաձիգը վերցրել է, որպեսզի շներին քշի, հետագայում մտադիր է եղել վաճառել զենքը: Պատահական տուն է մտել, մարդիկ քնած են եղել, բայց արթնացել են: Նա վախեցել է և սպանել նրանց, թողել ամեն ինչ և փախել: Պերմյակովն ասել է, որ ուզում էր ընդհանրապես խուսափել ծառայությունից: Նա ասել է, որ մեղսակից չունի, ինքն է որոշել փախչել պահակակետից դրանից մի քանի օր առաջ: Ըստ նրա, հասկանում էր, որ կողոպուտ է կատարում, երբ զենքով լքում էր զորամասը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---