Շոյգու. Սինայում A 321-ի կործանման պատասխանատուն ԻՊ-ին ենթարկվող «Վիլայաթ Սինայն» է

Շոյգու. Սինայում A 321-ի կործանման պատասխանատուն ԻՊ-ին ենթարկվող «Վիլայաթ Սինայն» է

PanARMENIAN.Net - «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է Սինայի թերակղում, պատասխանատու է A 321-ի կործանման և ուղևորների մահվան համար և ՌԴ-ն պատրաստ է համագործակցել Եգիպտոսի հետ այդ չարիքի դեմ պայքարում: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Լավ գիտենք, թե որքան սուր է ահաբեկչության խնդիրը Եգիպտոսի համար: Մտահոգիչ է այն, որ Սինայի թերակղզում, որտեղ արդեն մի տարի է գործում է «Իսլամական պետության» ստորաբաժանումը` այսպես կոչված »Վիլայաթ Սինայը», որը հարյուրավոր անմեղ մարդկանց մահվան պատճառ է դարձել, այդ թվում նաև ավիավթարի ժամանակ զոհված ռուսաստանցիների: Պատրաստ ենք գործակցել այդ չարիքի դեմ պայքարում»,-ասել է նա Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ հանդիպմանը:

Ըստ նախարարի, «արաբական գարունը» իրենից հետո բազում չլուծված խնդիրներ է թողել: Նա նշել է, որ «Եգիպտոսի ժողովրդի քաղաքական գիտակցության և զինված ուժերի ներկայացուցիչների վճռական դիրքորոշման շնորհիվ Եգիպտոսում շատ աղետներից հաջողվեց խուսափել»:

Ըստ նրա գնահատականի, տարածաշրջանում առաջացած քաոսը նպաստեց նրան, որ գլուխ բարձրացրեցին ծայրահեղական ուժերը:

«Ձևավորվեց և հզորացավ ԻՊ-ն, որն այսօր ձգտում է նոր տարածքներ զավթել Սիրիայի և Իրաքի սահմաններից դուրս իր խալիֆայությունը ստեղծելու նպատակով»,-ասել է Շոյգուն: Նա նշել է, որ այսօր ահաբեկչական սպառնալիքը դուրս է գալիս առաջին տեղը համաշխարհային քաղաքական օրակարգում:

«Ռուսական ինքնաթիռի դեմ ահաբեկչական գործողությունը և հարձակումների ալիքը Փարիզում, Բեյրութում, Անկարայում, ահաբեկչական սպառանլիքն այլ երկրներում արդեն հաստատում են այն, որ ահաբեկչությունը սպառնալիք է ոչ միայն Մերձավոր Արևելքի երկրների, այլ նաև ամբողջ աշխարհի համար»,-ասել է Շոյգուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատեց Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։ Նա հայտնել է, որ օդանավում պայթուցիկ սարք է պայթել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---