Էրդողանը սպառնում է պատասխան տալ, եթե թուրքական ինքնաթիռները խոցվեն Սիրիայի երկնքում

Էրդողանը սպառնում է պատասխան տալ, եթե թուրքական ինքնաթիռները խոցվեն Սիրիայի երկնքում

PanARMENIAN.Net - Անկարան որպես ագրեսիա կգնահատի, եթե իր մարտական ինքնաթիռը խախտի Սիրիայի օդային տարածքը և խոցվի ռուսական զենիթահրթիռային համալիրի միջոցով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Այն հարցին, թե ինչպես Անկարան կարձագանքի, եթե թուրքական մարտական ինքնաթիռը խախտի Սիրիայի օդային տարածքը և խոցվի С-400 համակարգի միջոցով` Էրդողանն ասել է. «Մենք չենք ցանկանում սրացում տեսնել տարածաշրջանում: Մենք չենք ցանկանում դրան մասնակցել: Սակայն Սիրիային սատարողները նպաստում են լարվածության աճին և, կարծում եմ, պատասխանատու են դրա համար»:

«Նման միջադեպ հնարավոր է, և այն կստիպի մեզ հետագա միջոցներ ձեռնարկել, որոնք, անշուշտ, չեն քննարկվում…Իհարկե, դա կլինի ագրեսիա մեր ինքնիշխանության դեմ, պետության համար բնական է պաշտպանել այդ իրավունքը»,-հավելել է նա:

Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա կուղարկի С-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր: Նոյեմբերի 26-ին Ռուսաստանն արդեն տեղակայել էր Սիրիայում նորագույն С-400 զենիթահրթիռային համակարգը, որը դեռ նմանը չունի աշխարհում: 24 ժամվա ընթացքում զենիթահրթիռային համակարգը ռազմատրանսպորտային ավիացիայով տեղափոխվել է Սիրիա Մերձմոսկովյան տարածաշրջանից, գործակալությանն է հայտնել ՌԴ ռազմատիեզերական զորքերի ներկայացուցիչը:

С-400 համակարգը «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրի հետ միասին կապահովի ռուսական ավիախմբի թռիչքների անվտանգությունը և կոչնչացնի սպառնալիք ներկայացնող ցանկացած թիրախ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան որպես սպառնալիք է գնահատում C-400-ի տեղակայումը Սիրիայում` Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը սատարում էր Սիրիային պաշտպանության ոլորտում դեռ Բաշար Ասադի հոր կառավարման ժամանակներից սկսած: «Չի կարելի պնդել, որ դա չէր արվել արդեն անցած տարի»,-ասել է նա: «Անշուշտ, մենք չէինք ցանկանա այս իրավիճակը, սա մեզ համար շատ անբարենպաստ վիճակ է: մենք նախկինի պես ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը տարածաշրջանում և չէինք ցանկանա այդ մրացավազքի մասնակիցը դառնալ»,-ասել է Էրդողանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---