Թուրքիան այլընտրանք է որոնում «Երկնագույն հոսքին», թեև Մոսկվան դեռ չի դադարեցնում գազի առաքումը

Թուրքիան այլընտրանք է որոնում «Երկնագույն հոսքին», թեև Մոսկվան դեռ չի դադարեցնում գազի առաքումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չի կարծում, թե ռուսական գազի առաքումը Թուրքիա կկասեցվի, սակայն միևնույն ժամանակ Անկարան պատրաստվում է նման սցենարի:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը կդադարեցնի գազի առաքումը: Մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, որոնք կանոնակարգվում են միջազգային իրավունքով: Միևնույն ժամանակ էներգետիկայի նախարարությանը հրահանգ է տրվել աշխատել այլընտրանքների որոնման ուղղությամբ, և մեր ժողովուրդը ցույց կտա իր նվիրվածությունը հայրենիքին և պատվին»,-ասել է Դավութօղլուն Haberturk և Show TV-ին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2014-ի դեկտեմբերին Պուտինը Թուրքիայում հայտարարեց, որ ռուս-թուրքական էներգետիկ գործակցությունն այժմ դուրս է եկել ռազմավարական մակարդակի, որ Ռուսաստանը լրացուցիչ գազ կմատակարարի Թուրքիային, դրա համար նոր գազատար կկառուցվի: Հաջորդ տարվա հունվարից Թուրքիայի համար գազի գինը կիջեցվի 6 տոկոսով, հայտարարեց ՌԴ նախագահը, հավելելով, որ Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսանք» նախագծի իրականացումը և կվերաուղղորդի իր էներգետիկ մատակարարումները դեպի այլ շուկաներ: Թուրքիան ռուսական գազը գնում էր $380 1000 խմ դիմաց, ՌԴ-ն առաքում է այդ երկրում սպառվող գազի 43-46%-ը: 2015-ի մայիսին Ռուսաստանը նոր զեղչ սահմանեց` նվազեցնելով գինը մինչև $260 1000 խմ դիմաց:

Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին» հրամանագրում նշված չեն «Թուրքական հոսք» գազամուղի և «Աքքույու» ատոմակայանի նախագծերը, գրում է ՏԱՍՍ-ը: Էներգետիկայի ոլորտի մասին տեղեկություններ փաստաթղթում չկան:

«Ռոսատոմում» ձեռնպահ են մնացել Թուրքիայում ԱԷԿ-ների կառուցման նախագծի հեռանկարների վերաբերյալ մեկնաբանությունից:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չէր բացառել, որ «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի նախագծերը ևս կարող են հայտնվել պատժամիջոցների ցանկում:

Մինչդեռ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի կառուցման վերաբերյալ բանակցությունների կասեցման մասին:

Դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահի Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հրամանագրի հիման վրա ՌԴ կառավարության պաշտոնական հայտարարությունից հետո, մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնեցին, որ կասեցվել են բանակցությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև նախատեսվող խոշոր էներգետիկ նախագծերի շուրջ, հայտնում է Vestifinance.ru-ն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: 2016-ի հունվարի 1-ից ռուսական ընկերություններին արգելվում է վարձել նոր աշխատակիցներ Թուրքիայի քաղաքացիների թվից: Ռուսաստանը որոշել է 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---