Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների վերջնական ցուցակը հայտնի է

Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների վերջնական ցուցակը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում դեկտեմբերի 4-ին հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակները:

Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

Եթե բնակչության պետական ռեգիստրում ՀՀ քաղաքացին ունի հաշվառում և ընդգրկված չէ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում, կարող է մինչև քվեարկության ավարտը դիմում ներկայացնել հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանք ստանալու համար:

ՀՀ-ում դեկտեմբերի 6-ին կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում նախագահականից խորհրդարանական կառավարման:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---