«Ոչ»-ի շտաբ. Հանրաքվեին մասնակցել է 825.000 մարդ, և առնվազն 575.000-ը «ոչ» է ասել

«Ոչ»-ի շտաբ. Հանրաքվեին մասնակցել է  825.000 մարդ, և առնվազն 575.000-ը «ոչ» է ասել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին «Ոչ»-ի շտաբը տարածել է հայտարարություն հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

«Հայ Ազգային Կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության «Ոչ»-ի համատեղ շտաբը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ակտիվորեն մասնակցելու և, դրա նշանակությունը գիտակցելով, զանգվածաբար «ոչ»քվեարկելու համար: Ժողովուրդը արտահայտվեց և հստակ «ոչ» ասաց Հայաստանի իշխանություններին և նրանց նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին», - ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ համատեղ շտաբի տվյալների և ընտրական գործընթացների հայտնի վիճակագրական մեթոդների վրա հիմնված ճշգրիտ մաթեմատիկական վերլուծության շնորհիվ հնարավոր է վերականգնել ժողովրդի իրական քվեարկության պատկերը: Հանրաքվեին իրականում մասնակցել է մոտ 825 հազար մարդ, որոնցից առնվազն 575 հազար քաղացի քվեարկել են «ոչ», 250 հազարը «այո», ինչը նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդը հստակորեն արտահայտվել է հանրաքվեում և մերժել սահմանադրական փոփոխությունները:

Նշվում է նաև, որ «Ոչ»-ի համատեղ շտաբը ԿԸՀ-ին է ներկայացրել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում «լցոնումների, բռնության, մատյաններում քաղաքացիների ստորագրությունների կեղծման, ընտրողների և հանրաքվեի օրինականությունը վերահսկող անձանց ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտման մասին հարյուրավոր տեղեկություններ և ապացույցներ, որոնք ցույց են տալիս օրինախախտումների համակարգային, համատարած և կազմակերպված բնույթը»:

«Ներկայացվել է նաև վիճակագրական վերլուծություն, որը թույլ է տալիս գնահատել ընտրակեղծարարության ազդեցության չափը հանրաքվեի հայտատարված արդյունքների վրա և եզրակացնել, որ այդ արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը և հանրաքվեն պետք է ճանաչվի անվավեր: ԿԸՀ-ի կողմից առանց լուրջ հիմնավորումների Ոչ-ի համատեղ շտաբի պահանջի մերժումից հետո իրավական հարթության մեջ կա ևս մեկ քայլ` համաձայն Սահմանադրության 100 և 101 հոդվածների, Ազգայի Ժողովի մեկ հինգերորդից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա վիճարկել հանրաքվեի արդյունքները Սահամանադրական դատարանում:

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունն այսօր որոշում է ընդունել ԱԺ-ի աշխատակազմից համապատասխան ձևաթուղթ վերցնելու և Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ստորագություններ հավաքելու նպատակով: Բոլոր պատագամավորները կարող են այցելել «Հայ Ազգային Կոնգրեսի» խմբակցություն և մինչև դեկտեմբերի 18 ստորագրել այդ դիմումի տակ», - ասված է հայտարարությունում:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

Դեկտեմբերի 13-ին, ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկների արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները:

Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքները ևընդունել որոշում, համաձայն որի. «2015-ի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ընդունված է»:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ դեսպանություն. Ընտրախախտումների մասին մտահոգիչ հաղորդումները պետք է հետաքննվեն

ԵՄ-ն ընտրախախտումների մասին հաղորդումների թափանցիկ քննության կոչ է անում

ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին. Ընտրախախտումների 67 ահազանգ են ստացել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---