ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին. Ընտրախախտումների 67 ահազանգ են ստացել

ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին. Ընտրախախտումների 67 ահազանգ են ստացել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը սահմանադրական հանրաքվեի ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ գրություն է ուղարկել գլխավոր դատախազից, ոստիկանապետին, Քննչական կոմիտեի նախագահին և Հատուկ քննչական ծառայության պետին: Այս մասին Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«2015-ի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին տեղի ունեցած խախտումների վերաբերյալ մենք ստացել ենք 67 ահազանգ: Բացի նշված ահազանգերից, եղել են նաև համանման խախտումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ, որոնց իսկությունը դեռևս ամբողջությամբ ստուգված չէ: Հնարավոր խախտումների մասին այս տեղեկությունները խորապես մտահոգել են մեզ և քվեարկությանը մասնակցած բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաև առաջացրել են առանձին քաղաքական ուժերի ու միջազգային որոշ գործընկերների անհանգստությունը», - ասվում է գերատեսչություններ ուղարկված գրություններում:

Նշվել է, որ ՄԻՊ-ի ստացած ահազանգերից ու տարածված մյուս տեղեկություններից առանձնացրել են հատկապես այն խնդիրներն ու միջադեպերը, որոնք ամենախնդրահարույցն են և առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ:

«Ակնկալում ենք արդյունավետ գործակցություն, որը կարող է համարվել այդպիսին, եթե հնարավորինս արագ բացահայտվեն և խստորեն պատժվեն այս և այլ միջադեպերում անմիջականորեն կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր անձինք, ովքեր հանրաքվեի կապակցությամբ քրեորեն պատժելի արարք են կատարել:

Չափազանց կարևոր է նաև, որ բոլոր ահազանգերի ու գանգատների մանրակրկիտ ստուգման արդյունքում բացահայտվեն նաև վարչական ռեսուրսի օգտագործման բոլոր դեպքերը, և նման չարաշահում թույլ տված պաշտոնատար անձինք ևս ենթարկվեն խստագույն պատասխանատվության»:

ՄԻՊ-ը նաև Պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տվյալներով հնարավորինս օժանդակել դեպքերի օբյեկտիվ քննությանը: Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ խախտումներ կատարած անձանց բացահայտումն ու խստագույն պատասխանատվության ենթարկելը կամրապնդի հանրության վստահությունը թե իրավապահ համակարգի և թե ընտրական գործընթացների նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, կասկած հարուցող և ՄԻՊ-ի կողմից հայտնի բոլոր միջադեպերի ցանկը, որն առաջիկայում կարող է համալրվել քաղաքացիների նոր բողոքների և այլ համապատասխաան հրապարակումների պարագայում:

2015-ի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողով ստացել է թվով 78 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ: Հանրաքվեի 3 ընտրատարածքային հանձնաժողով ստացել են դիմումներ` թվով 3 տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

Դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ: Դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։

Քննության արդյունքներով դեկտեմբերի 6-ին հարուցվել է 2 քրեական գործ՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով։

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

Կարդացեք նաև` ԵՄ-ն ընտրախախտումների մասին հաղորդումների թափանցիկ քննության կոչ է անում

ԱՄՆ դեսպանություն. Ընտրախախտումների մասին մտահոգիչ հաղորդումները պետք է հետաքննվեն

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---