ԱՄՆ-ն դուրս է բերել F-15C կործանիչները Թուրքիայից

ԱՄՆ-ն դուրս է բերել F-15C կործանիչները Թուրքիայից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 16-ից Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայից դուրս են բերում ընդամենը մեկ ամիս առաջ այդ երկրի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար այնտեղ տեղակայած 12 միավոր F-15C կործանիչները: Այս մասին հայտնի է դառնում դեկտեմբերի 15-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարված գրառումից, որը տեղ է գտել նաև «Ինջիրլիք» ռազմաբազայի ամերիկյան հրամանատարության կայքում, հայտնում է razm.info-ն:

Կործանիչները վերադարձվել են իրենց մշտական տեղակայման վայր` Մեծ Բրիտանիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի 493-րդ ավիաբազա:

Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը` փոխանցելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը, նշում է, որ ամերիկյան կործանիչներն արդեն իրականացրել էին իրենց առաքելությունը, այդ պատճառով էլ դուրս են բերվել Թուրքիայից:

Ներկայումս Թուրքիայի օդային սահմանների պաշտպանության, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար «Ինջիրլիք» ռազմաբազայում շարունակում են տեղակայված մնալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև 12 միավոր A-10 գրոհիչներ:

Կործանիչները դուրս են բերվել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի` դեկտեմբերի 15-ին «Ինջիրլիք» ռազմաբազա այցելությունից հետո:

2015-ի հոկտեմբերին ԱՄՆ-ն Թուրքիայից դուրս բերեց 2013-ից այդ երկրում տեղակայված Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։ Առավել վաղ Գերմանիան էր հայտարարել, որ 2016-ի հունվարին դուրս է բերելու Patriot ՀՕՊ համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից:

Սակայն ՀՕՊ համակարգերի դուրսբերումից հետո Թուրքիայի օդային սահմանների պաշտպանությունն ապահովելու համար ԱՄՆ-ն նոյեմբերին «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայել էր F-15C կործանիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---