Լոնդոնը 4 պահանջ է առաջ քաշել ԵՄ կազմում մնալու համար

Լոնդոնը 4 պահանջ է առաջ քաշել ԵՄ կազմում մնալու համար

PanARMENIAN.Net - ԵՄ անդամ երկրների ղեկավարները, լսելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի Եվրամիության բարեփոխման ուղղությամբ 4 պահանջը, մտահոգություն են հայտնել, սակայն հայտարարել են փոխզիջումային լուծումների պատրաստակամության մասին, հայտնել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մամուլի ասուլիսում: Նա խոստացել է ամփոփիչ տեքստը ներկայացնել Եվրոպայի խորհրդի փետրվարյան նիստում:

Քեմերոնի հետ բանավեճից հետո ԵՄ առաջնորդները պայմանավորվել են միասին որոշում որոնել բոլոր 4 հարցի վերաբերյալ: Դա ասվում է քաղաքական բանավեճի արդյունքում հրապարակված որոշման մեջ:

Լոնդոնը ԵՄ-ում անդամակցությունը պահպանելու համար պահանջների 4 խումբ է ներկայացրել. փոխհարաբերությունները եվրոյի գոտու երկրների և ԵՄ անդամների միջև, որոնք պահպանում են իրենց ազգային արժույթը, ԵՄ տնտեսության մրցունակությունը, միութենական գործերում ազգային խորհրդարանների ինքնիշխանությունն ու դերի բարձրացումը, սոցապահովման ու ազատ տեղաշարժին վերաբերող հարցեր: Մասնավորապես, Քեմերոնը պահանջել է օրենսդրորեն սահմանափակել աշխատանքային նպաստների վճարումն ու հարկային արտոնությունների տրամադրումը ԵՄ այլ երկրների միգրանտներին և ավելի շատ լիազորություններ տրամադրել ազգային կառավարություններին և խորհրդարաններին:

Տուսկը համարում է, որ աշխատանքն այդ պահանջների վրա հեշտ չի լինելու, սակայն ամենակարևորն այն է, որ գագաթնաժողովում պահպանվել է բարյացակամ վերաբերմունքը: Ըստ նրա գնահատականի, հանդիպմանը զգալի առաջընթաց է գրանցվել և բանավեճը կառուցողական է եղել: Ըստ նրա, Մեծ Բրիտանիայի հարցւոմ «նա ավելի մեծ լավատես է դարձել, քան մինչ այդ էր»:

«Մենք մտադիր ենք լուծում գտնել այս 4 հարցի վերաբերյալ: Այնուամենայնիվ, որոշ անդամ պետությունների համար «4-րդ զամբյուղը», այսինքն սոցիալական վճարումները, ամենաբարդ հարցն են: Մենք պետք է հարգանքով վերաբերվենք Մեծ Բրիտանիայի առաջարկներին, սակայն մենք մետք է նաև հաշվի առնենք անդամ երկրների պահանջները: Սակայն, ըստ էության, դա է մեր աշխատանքը, մեր խնդիրը, առաքելությունը, որը պետք է կատարենք մինչև ԵԽ փետրվարյան նիստը»,-ասել է Տուսկը, հայտնում է «Վեդոմոստին»:

Կմնան, սակայն, «գծեր, որոնք չի կարելի հատել»` դա եվրոպական արժեքների պաշտպանությունն է: Նա խոստացել է, որ Բրյուսելն անդրդվելի կլինի խտրականություն թույլ չտալու և քաղաքացիների ազատ տեղաշարժի հարցում և Քեմերոնը պետք է հասկանա, որ խտրականությունն անթույլատրելի է:

Քեմերոնն իր հերթին գոհունակություն է հայտնել առաջընթացի վերաբերյալ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը գագաթնաժողովի առաջին իսկ օրվա ավարտին զգուշացրեց, որ սխալ կլիներ կարծել, թե Բրիտանիան 3 պարզ հարց է առաջադրել և 1 բարդ: «Կա 4 դժվար հարց, որից յուրաքանչյուրն այլ հարցեր է պարունակում, և այս ամենը պետք է ուսումնասիրել մինչև փետրվար»,-մեջբերել է նրա խոսքը BBC-ին:

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված, քանի որ բոլորը փոխզիջումային որոշում են ուզում: «Պայմանագրի դրույթները կարող են փոխվել, բայց ոչ հիմա, գուցե` ավելի ուշ»,-ասել է նա:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարել որոշ ուղղումները, բայց հավելել է, որ ԵՄ կանոններն ու սկզբունքները պետք է բոլորը պահպանեն:

Ավելի վաղ Քեմերոնը հայտարարել էր, որ Բրիտանիայի պայմաններն ամենևին անիրագործելի չեն: «Շատերը Մեծ Բրիտանիայում և Եվրամիությնում հայտարարում են, որ մենք անիրագործելի առաքելություն ենք ստանձնել: Բայց երբ տեսնում ես խնդիրները, որոնց այսօր բախվում են եվրոպացի առաջնորդները, ապա փոփոխությունները, որոնց ձգտում է հասնել Մեծ Բրիտանիան, չեն դասվում «անիրագործելիների» շարքին: Դրանք իրականում հնարավոր է կատարել, եթե լինեն քաղաքական կամք և քաղաքական երևակայություն»,-ասել էր Քեմերոնը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին չի հաջողվի «շեղել» փոփոխություններով ԵՄ-ում: «Խոսքը հիմնարար փոփոխությունների մասին է Եվրամիությունում»,-ասել է նա` հավելելով, որ բրիտանացիներից «չի հաջողվի կոսմետիկ փոփոխություններով «պրծնել»:

Դևիդ Քեմերոնը խոստացել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության շուրջ, ինչպես նաև բանակցել Եվրամիության մյուս առաջնորդների հետ կազմակերպության բարեփոխման մասին: Ինքը Քեմերոնը կողմ է անդամությանը, սակայն այդպիսով ենթադրում է հասնել Եվրամիության բարեփոխումներին, որոնք Լոնդոնն անհրաժեշտ է համարում, առաջին հերթին, Մեծ Բրիտանիային կորցված իշխանական լիազորությունները վերադարձնելու հարցում: Այդ դեպքում, ըստ նրա, բրիտանացիներն ուրախ կլինեն մնալ ԵՄ կազմում: Եթե վարչապետի պահանջը մերժվի, ապա նա ևս կսատարի ԵՄ-ից դուրս գալուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---