Պերմյակովի դատավարությունը հետաձգվել է. Հաջորդ նիստը՝ հունվարի 18-ին

Պերմյակովի դատավարությունը հետաձգվել է. Հաջորդ նիստը՝ հունվարի 18-ին

PanARMENIAN.Net - Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, որը Հանրային պաշտպանի գրասենյակի անդամ է և գործով ներգրավել է բոլորովին վերջերս, դատարանին միջնորդեց հետաձգել նիստը 30 օրով:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները Պերմյակովի պաշտպանի միջնորդությանը չառարկեցին: Ավելին, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ իրենք պնդում են, որ Պերմյակովի պաշտպանությունն իրականացվի ըստ արժանվույն, հետևաբար իրենք չեն կարող առարկել ոչ միջնորդությանը, ոչ էլ ժամկետին, գրում է Panorama.am-ը:

«Մենք էլ գործի նյութերին երկար ժամանակ ենք ծանոթացել», - ասել է Սահակյանը:

Դատավարության հաջորդ նիստը կկայանա հունվարի 18-ին:

Դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Գումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Արտագնա դատական նիստը վարում էր մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը:

Նիստը տեղի էր ունենում ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում:

Դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց, մուտքը` ազատ:

Նիստի ընթացքում Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները տեղեկություններ են հայտնել այն մասին, որ Վալերի Պերմյակովը «Օդնոկլասսնիկ» սոցիալական ցանցում խումբ է բացել, որի մեջ եղել է 54 անդամ, նա այդ խմբում գրառում է արել, թե «պայմանագիր է կնքել սատանայի հետ», ծառայելու է սատանային, հրաժարվում է մկրտությունից և սատանային կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց, գրում է Aravot.am-ը:

Նիստում դատավոր Հարություն Մովսեսյանը մերժել է Ավետիսյանների իրավահաջորդներից մեկի ներկայացուցիչիմիջնորդությունը` ռուս զինծառայողներին ՀՀ դատարանի նիստերի դահլիճից հեռացնելու մասին: Դատավորը մերժման մասին որոշումը հիմնավորել է նրանով, որ ռուս զինծառայողներն իրականացնում են Պերմյակովի պաշտպանությունը:

Միջնորդությանը միացել էին նաև մյուս ներկայացուցիչ-փաստաբանները:

«Անվտանգության խնդիր չկա, քանի որ ՀՀ ոստիկանները անվտանգությունը պաշտպանությունն իրականացնում է», -պնդելով միջնորդությունը, հայտարարել էր փաստաբան Լուսինե Սահակյանը:

Մեղադրող դատախազները առարկեցին ներկայացված միջնորդությանը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015-ի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարվել է ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից, որը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։

Վալերի Պերմյակովը արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենքով դասալքության, զենք և զինամթերք գողանալու և դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության և կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Այսպիսի դատավճիռ է կայացրել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի 5-րդ կայազորային զինդատարանը օգոստոսի 12-ի նիստում:

Կարդացեք նաև՝ Փորձաքննություն. Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի, բայց մեղսունակ է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---