Օբաման կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքն Իրաքից

Օբաման կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքն Իրաքից

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և հատուկ միջոցներ ձեռնարկել մեղմելու համար լարվածությունը, այդ թվում` դուրս բերել զորքն Իրաքից: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը երկու նախագահների հեռախոսազրույցից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` քննարկելու համար վեճը Թուրքիայի և Իրաքի միջև հյուսիսային Իրաքում թուրքական զորքերի տեղակայման շուրջ: Նախագահը կոչ է արել Էրդողանին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել մեղմելու համար լարվածությունն Իրաքի հետ հարաբերություններում, այդ թվում, դուրս բերելով զորքն Իրաքից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Օբաման նաև հորդորել է Թուրքիային հարգել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ասվում է հաղորդագրության մեջ:

Առաջնորդները պայմանավորվել են դիվանագիտական ջանքեր գործադրել ԱՄՆ, Թուրքիայի, Իրաքի կողմից` նվազեցնելու համար լարվածությունն ու համակարգելու գործողություններն «Իսլամական պետության» դեմ պայքարում: Մինչդեռ Իրաքը դիմել է ՄԱԿ ԱԽ` խնդրելով Թուրքիայի «օկուպացիան և ներխուժումը դատապարտող բանաձև» ընդունել և պարտավորեցնել Անկարային անհապաղ դուրս բերել իր զինուժը:

Դեկտեմբերի 18-ի երեկոյան ՄԱԿ ԱԽ-ն իրաքյան կողմի հարցումով նիստ է անցկացրել: Նիստում Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին խնդրել է Խորհրդին կատարել «օրինական միջազգային պարտավորությունները» և ընդունել «հստակ և պարզ բանաձև»:

Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 12-ին Իրաքը դիմեց ՄԱԿ ԱԽ` պահանջելով անհապաղ դուրս բերել թուրքական զորքերն իր տարածքից` համարելով զորքի ներկայությունն իր տարածքում միջազգային նորմերի խախտում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրաքի հյուսիս թուրքական զորքերի ներխուժման կապակցությամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու Իրաքի որոշումն անվանել է «անազնիվ քայլ»: Թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 11-ին հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները կքննարկեն Իրաքի իշխանությունների հետ Իրաքում թուրքական զորակազմի վերակազմավորման հարցը: Ըստ ԱԳ նախարար Չավուշօղլուի, թուրքական զորքերի տեղակայմանն Իրաքի այդ արձագանքը պայմանավորված է նաև «այլ երկրների դերակատարությամբ»` չնշելով որևէ երկիր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---