ՊՆ նախկին տեղակալ Շիրխանյանը կալանավորվել է

ՊՆ նախկին տեղակալ Շիրխանյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշել է բավարարել ԱԱԾ միջնորդությունը՝ նախկին փոխվարչապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին երկու ամսով կալանքի ենթարկելու մասին:

Այս մասին հայտարարել է Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Դատարանը մերժել է Շիրխանյանին գրավով ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը, գրում է Panorama.am-ը:

Դեկտեմբերի 19-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ(1992-1999) Վահան Գրիգորի Շիրխանյանը:

Նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր գործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ մարմինների օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ ուներ ՀՀ տարածքում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել: Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամ, որոնք ձերբակալվել են:

Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությանը, իրացնելով օպերատիվ տվյալները, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայում բնակվող և 2015-ի ապրիլից Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015-ի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր գործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացու, որից 5-ը՝ Երևանի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ։

Վահան Գրիգորի Շիրխանյանը ծնվել է 1947-ի հուլիսի 15-ին: Ավարտել է Թուրքմենեստանի պետական համալսարանը՝ աշխարհագրագետ-տնտեսագետի որակավորմամբ: Աշխատել է Բյուրականի աստղադիտարանի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիայի բյուրոյի փոխտնօրեն: Ընտրվել է ՀՀ ԳԽ պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

Աշխատել է ՀՀ պաշտպանության փոխնախարար (1992-1999), ՀՀ նախագահի խորհրդական՝ հատուկ ծրագրերի գծով, այժմ՝ ՀՀ կառավարության 10-րդ վարչության պետ: «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) խմբակցության անդամ:

Կարդացեք նաև՝ Փաստաբան. ՊՆ նախկին տեղակալի համար իր ձերբակալությունը անսպասելի էր

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---