Մուրադյան. ՀՀ-ում սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը նվազել է

Մուրադյան. ՀՀ-ում սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը նվազել է

PanARMENIAN.Net - 2015 -ին մեկնարկել և հաջողությամբ իրականացվել են մի շարք նոր ծրագրեր, այդ թվում՝ սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը հանրապետությունում սոցիալական մեծ կարևորություն ունի։ Այս մասին դեկտեմբերի 25-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքերով՝ ոչ պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում` անկախ սոցիալական կագավիճակից` բացառապես հենվելով հիվանդի ախտորոշման վրա: Ծրագրի շրջանակում դեկտեմբերի 24-ի դրությամբ բուժօգնություն ստացած 1.485 քաղաքացին ներառված չեն եղել սրտի անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։

«Հայաստանի բնակչության շրջանում մահացության կառուցվածքում սիրտանոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` կազմելով մոտ 50%, սակայն այս ծրագրի արդյունքում՝ սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը մեր երկրում նվազել է»,- ասել է նախարար ը, մեջբերու մէ Panoram.am-ը:

Անդրադառնալով սոցիալական փաթեթին, Մուրադյանը տեղեկացրել է, որ փաթեթից օգտվող մոտ 81 հազար շահառուի համար իրականացվող կանխարգելիչ բժշկական հետազոտությունների, այսպես կոչված` «CHECK-UP» ծրագիրն ուղղված է հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։

Նրա խոսքերով՝ 2015թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ կանխարգելիչ քննություն է անցել 73.251 շահառու, ինչը կազմում է էլեկտրոնային շտեմարանում հաշվառված շահառուների 90.3%-ը:

2015-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը: Այն տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել. դեղերի շուկայում գործող որոշ ընկերությունների ղեկավարներ այն կարծիքն ունեն, որ նոր օրենքով շուկայում կմնան միայն խոշոր խաղացողները, օրենքն, ըստ էության նրանց շահերն է սպասարկելու: Բացի այս, կարծիք կա նաև, որ նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դեղերը կթանկանան: Անդրադառնալով այս հարցին՝ Մուրադյանը նշել է, որ տարիներ առաջ ընդունված «Դեղերի մասին» նախկին օրենքը լավն էր, բայց այն արդեն չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին, և նոր օրենքով ավելի են խստացվում դեղերի բիզնեսին առնչվող պահանջները: Նախարարը նաև բացառել է, որ նոր օրենքը խոշոր ընկերությունների շահերն է սպասարկելու.

«Օրենքը միտում չունի օժանդակել առանձին խմբերին ՝գերիշխող դիրք ունենալ: Օրենքը միտում ունի միջազգային ձևաչափի բերել դեղերի շրջանառությունը», - ասել է նախարարը, մեջբերում է Aravot.am-ը:

Նախարարը հավելել է, որ այս օրենքով պետությունը միջամտելու է դեղերի շուկային՝ գների կարգավորման համար, ինչը անում են ամբողջ աշխարհում:

«Հաշվի առնելով, որ ամբողջ դեղատունը կարող է հեղեղված լինի կեղծ կամ ոչ պատշաճ գրանցված դեղերով, կարող ենք տուգանել մեկ անգամ, որը խոշոր ներկրողի համար փոքրիկ բան է: Փորձ եղել է՝ ներկրողներից մեկը ոչ վայել արտահայտությունով ասել է ՝ այդ տուգանքը կվճարեմ ու կվաճառեմ», - նկատել է Մուրադյանը:

Ինչ վերաբերում է օրենքի ազդեցությանը՝ դեղերի գնի վրա, նախարարը վստահեցրել է, որ թանկացում չի լինելու, այլ՝ հակառակը. «Մենք հույս ունենք, և ես կարող եմ կանխատեսել, որ մյուս տարի փետրվարին կլինի դեղորայքի գների նվազում»:

Մուրադյանի խոսքերով՝ 2015-ին հանրային առողջապահական ծրագրերում հաջողություններ են ունեցել պատվաստանյութերի մասով:

«Հաջողություններ ունեցանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանում թույլատրված պատվաստանյութերի ներդրման ոլորտում: Այս տարի մենք անցում ենք կատարել ինչպես զորակոչային, այնպես էլ նախազորակոչային տարիքի անձանց պատվաստումների ծրագրին», - ասել է նախարարը՝ հավելելով, որ վերջին տարիներին նոր պատվաստանյութեր են ներդրվել Հայաստանում, ինչի ադյունքում 2.5 անգամ նվազել են մենինգիտների թիվը, 2,5-3 անգամ՝ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսների դեպքերը:

Անդրադառնալով կենտրոնացված գնումներով անվճար տրամադրվող դեղերի բաշխմանը` նախարարը նշել է, որ անմիջապես արտադրող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելով նախարարությունը կարողացել է բարձրացնել դեղերով ապահովվածության մակարդակը մոտ 80%-ով՝ նախորդ տարիների 30%-ի փոխարեն:

Նախարարի խոսքերով՝ պետությունը ձգտում է հնարավորինս հեշտացնել շաքարային դիաբետով հիվանդների և առաջին հերթին հիվանդ երեխաների կյանքը։ Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ՝ շաքարային դիաբետով տառապող երեխաների կարիքների համար ձեռք են բերվել հատուկ գրիչ-ներարկիչներ, որոնք առավել հարմարավետ են և հիվանդներին թույլ կտան ունենալ օրվա առավել ճկուն ռեժիմ և սննդակարգ։

«Սա նաև երեխաներին խարանից ձերբազատելու հնարավորություն է: Այս գրիչների ձեռքբերումը համարում եմ ոչ թե շռայլություն, այլ՝ անհրաժեշտություն», - նշել է Մուրադյանը:

Առողջապահության նախարարը կարըորել է նաև 2015թ. մեկնարկած Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների (դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի) կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային համատեղ ծրագիրը` երեք տարվա ընթացքում բնակչության 50-60%ընդգրկվածությամբ։

Ըստ նրա՝ հունվար-նոյեմբեր ամիսներին ծրագրի շրջանակում իրականացվել է ավելի քան 500 հազար հետազոտություն։

«Հայաստանում երբևէ նման ընդգրկվածությամբ սկրինինգային ծրագրեր չեն իրականացվել։ Արդյունքում, հիվանդացության ցուցանիշների աճ կարձանագրվի, սակայն դրա փոխարեն կնվազեն ուշացած դեպքերը և մահացությունը», - ընդգծել է Մուրադյանը:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրին պետական բյուջեից նախնական հատկացվել էր 500 մլն ՀՀ դրամ։ Ընթացիկ դեպքերի թվի ուսումնասիրության հիման վրա հատկացումներն ավելացվել են ևս 500 մլն դրամով:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակում 2015-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 1463 քաղաքացի: 2015-ի 11 ամսում բուժօգնություն ստացած 1391 քաղաքացիների միջին տարիքը 63 տարեկանն է, նրանց 77%-ը տղամարդ է, 53%-ը Երևանի բնակիչ է, 47%-ը` ՀՀ մարզերի: Ստենտավորված անձանցից 45-ը (3.2%) հետվիրահատական շրջանում մահացել են:

Մահացության 3.2% ցուցանիշը գրեթե նույնն է, ինչ զարգացած երկրներում։

Ծրագիրը ներկայումս իրականացվում է 11 բժշկական կազմակերպությունում (9-ը` Երևանում, 2–ը` մարզերում): ՀՀ ԱՎԾ նախնական տվյալներով 2014-ի առաջին կիսամյակի դրությամբ արձանագրվել է 14. 772 մահվան դեպք (9.9 ‰ – 1000 բնկաչի հաշվով) իսկ 2015-ի նույն ժամանահատվածում՝ 14 628 (9.8 ‰ – 1000 բնկաչի հաշվով)։ Նույն աղբյուրի տվյալներով 2014թ. հունվար-հուլիս ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության դեպքերը կազմել են 7349, իսկ 2015-ինույն ժամանահատվածում՝ 6.928 կամ մահվան դեպքերը կրճատվել են 421-ով։ Սրտի իշեմիկ հիվանդություններից, մասնավորապես` սրտամկանի սուր ինֆարկտից, սրտամկանի կրկնակի ինֆարկտից մահացությունը կրճատվել է 316-ով։ Ակնկալվում է, որ տարին ամփոփելիս այդ ցուցանիշներն առնվազն կկրկնապատկվեն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---