Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում տուժածներից ևս 3-ը տեղափոխվել են ՀՀ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարում տուժածներից  ևս  3-ը  տեղափոխվել են ՀՀ

PanARMENIAN.Net - Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից երեքն ապաքինմամբ դուրս են գրվել և դեկտեմբերի 27-ի երեկոյան տեղափոխվել Հայաստան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները:

Տուժածներն այժմ վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ:

Տուժածներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Տուժածների տեղափոխման կազմակերպմանն աջակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Երկու տուժած մասնագիտական բժշկական օգնություն էին ստանում Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում: Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակվում էր Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում:

Վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո: Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը շարունակում է համակարգել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Ավտոբուսի վթարի հիմնական վարկածն այն է, որ վարորդը` 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, գերազանցել է արագությունը:

Ըստ ՌԴ-ի ոստիկանության` ավտոբուսի վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նախնական տվյալներով` վարորդը զգալիորեն գերազանցել է արագույթունը ճանապարհի այն հատվածում, որտեղառավելագույն թույլատրելի արագությունը սահմանված է 70 կմ/ժ: Ըստ քննիչների` վթարի պահին ավտոբուսի արագությունը կազմել է 117 կմ/ժ:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---