Երթևեկության որոշ կանոններ խախտելիս վարորդները կնախազգուշացվեն. Օրենքն ուժի մեջ է

Երթևեկության որոշ կանոններ խախտելիս վարորդները կնախազգուշացվեն. Օրենքն ուժի մեջ է

PanARMENIAN.Net - Ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, որը երթևեկության կանոնների որոշ խախտումների համար նախատեսված պատժին վերաբերվող մի շարք փոփոխություններ է ներառում:

Ինչպես նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոր իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում ամենաշատ տարածումն ունեցող մի շարք իրավախախտումների համար, (ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը, խաչմերուկների անցման կանոնները խախտելը, երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, վարորդների կողմից կանգառ կատարելու կամ կայանելու կանոնները խախտելը և այլն,) կիրառել ոչ թե տուգանք այլ՝ նախազգուշացում:

Բացի այդ, այսուհետ՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտում չի համարվում, երբ կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով և այն չի տևել ավելի քան մեկ րոպե:

Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի երթևեկելու դեպքում, ինչպես նաև մգեցված ապակիներով երթևեկելու համար սահմանվել է խրախուսական նորմ, որով անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում անձն ազատվում է այն կատարելու պարտականությունից, եթե իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին է ներկայացնում վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթ կամ տեղում կամ 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտման հատկանիշները:

2012-ի հունվարի 1-ից մինչև 2015-ի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016-ի հունվարի 11-ից հետո ՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու դեպքում խախտումը կատարողը կազատվի տուգանքի չափի ավելացած մասից և կատարողական ծախսերից, այսինքն՝ կվճարի միայն տուգանքի մայր գումարը:

2015-ի հունվարի 9-ից մինչեւ 2016-ի հունվարի 11-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2016-ի հունվարի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում վճարելու դեպքում խախտումը կատարողը ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով տուգանքի չափի մասը վճարելու պարտականությունից: Քանի որ նշված ժամանակահատվածում կայացված ակտերի զգալի մասը ուղարկված չեն հարկադիր կատարման, կատարողական գործողությունների կատարման համար սահմանված ծախսերի վճարելու պարտականություն չի առաջանում: Սակայն եթե ակտը ուղարկված է հարկադիր կատարման, այս պարագայում պետք է վճարվի տուգանքի մայր գումարը և կատարողական ծախսերը՝ առանց ավելացված մասի:

Նաև խստացվել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---