Կալաձե. Վրաստանը գազի աճող պահանջարկը կբավարարի ՌԴ-ից առաքումների հաշվին

Կալաձե. Վրաստանը գազի աճող պահանջարկը կբավարարի ՌԴ-ից առաքումների հաշվին

PanARMENIAN.Net - Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ թեև Ադրբեջանը մնում է գազի հիմնական մատակարարն այդ երկրի համար, սակայն վերջին տարիներին գազի աճող պահանջարկն անհրաժեշտ է դարձնում մատակարարման լրացուցիչ աղբյուրի ներգրավումը:

2015-ի հոկտեմբերին Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկն, ուստի Վրաստանին գազի լրացուցիչ ծավալ է հարկավոր Ռուսաստանից: Նախարարը նման հայտարարություն է արել ` անդրադառնալով ռուսական գազի գնման անհրաժեշտությանը: Վերջին շրջանում Վրաստանը բանակցում է «Գազպրոմի» հետ ռուսական գազի առաքումներ սկսելու շուրջ:

«Վրաստանին այսօր մոտ 2,5 մլրդ խմ գազ է հարկավոր, որի 90%-ը գալիս է Ադրբեջանից, մնացածը ռուսական գազն է, որը Թբիլիսին ստանում է Հայաստան տարանցման դիմաց` ընդհանուր ծավալի 10%-ի չափով»,-ասել է Կալաձեն լրագրողներին` մեկնաբանելով գազի առաքման հարցերի շուրջ «Գազպրոմի» հետ բանակցությունները, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Ըստ Կալաձեի, քանի որ 2015-ին բնական գազի պահանջարկը Վրաստանում 2014-ի համեմատ աճել է 19%-ով, երկիրը ստիպված կլինի տարբերությունը փակել ռուսական գազի միջոցով` 300-400 մլն խմ ծավալով:

Նա նշել է, որ վերջին 2 տարում «Գազպրոմը» կտրականապես պահանջում է անցնել դրամային հաշվարկների, գազի ծավալի փոխարեն, ինչպես դա նախատեսված է գործող պայմանագրով:

«Մենք մի քանի հանդիպում ենք ունեցել «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ, բանակցել ենք, սակայն համաձայնության այս փուլում դեռ չենք հասել»,-հայտարարել է Կալաձեն, ըստ որի, վրացական կողմը ցանկանում է ստանալ նույն բենիֆիտը, ինչպիսին որ նախատեսված է գազի տարանցման համար վճարի դեպքում` հնարավորություն ունենալու համար փակել պակասուրդը:

Նախարարը նշել է, որ այս պահի դրությամբ Վրաստանը «Գազպրոմի» հետ փոխադարձ հաշվարկներում 130 մլն խմ գազի պակասուրդ ունի:

«2015-ին մենք ռուսական գազի տարանցման համար ստացել ենք 220 մլն խմ ռուսական գազ և ստիպված ենք եղել ժամանակից շուտ սկսել օգտագործել 2016-ի քվոտան»,-ասել է Կալաձեն:

«Վրաստանն առաջիկայում ևս կստանա գազի այն ծավալը, որ ստանում էր Ադրբեջանից, սակայն լրացուցիչ գազ այս փուլում ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ ստանալ Ադրբեջանից»,-եզրափակել է Կալաձեն: Ավելի վաղ Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Դավիթ Թվալաբեիշվիլին հայտարարեց, որ մի շարք դեպքերում Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) չի ապահովում գազի անընդմեջ մատակարարում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թեհրանը Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու շուրջ: Այս մասին հաղորդեց իրանական Press TV-ին` վկայակոչելով Իրանի գազի ազգային ընկերության մենեջմենթի տնօրեն Ալիռեզա Կամելիին: Վրաստանի էներգետիկայի նախարարությունն իր հերթին հայտնել է, որ դեռևս իրանական կողմի հետ կոնկրետ պայմանավորվածություն չկա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---