Պարզաբանում. Զվարթնոցի «կլոր շենքի» ապամոնտաժման թույլտվությունն իրավական պահանջներին համապատասխան է

Պարզաբանում. Զվարթնոցի «կլոր շենքի» ապամոնտաժման թույլտվությունն իրավական պահանջներին համապատասխան է

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը քաղաքապետարանի կայքում պարզաբանում է ներկայացրել Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վերաբերյալ՝ Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հայտարարությանը արձագանքելով:

Երևանի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։

Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հունվարի 13-ին հայտարարել է, որ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում:

Թարխանյանի խոսքով՝ նման պայմաններում, երբ առկա է Հայաստանի, համայն հայության և միջազգային հանրության հեղինակավոր կառույցների միասնական դիրքորոշումը «Զվարթնոց» օդանավակայանի համալիրի վերաբերյալ, որևէ հայ պաշտոնյայի կողմից ապամոնտաժելու թույլտվություն տալը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Ուստի, «Զվարթնոց» օդանավակայանի համալիրը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով, ինքը՝ որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու է Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կառույցներին։

Բարսեղյանը Թարխանյանի կողմից զանգվածային լրատվամիջոցներին տրամադրված հայտարարության վերաբերյալ տեղեկացնում է, որ որ ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումի և հայտի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013-ի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշման, նույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների արդյունքները, ինչպես նաև կազմակերպության կողմից ներկայացված՝ ՀՀ օրենդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015-ի դեկտեմբերի 24-ին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ընդլայման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:

Միաժամանակ, հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015-ի դեկտեմբերի 24-ին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:

Բարսեղյանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից վերը նշված քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության 2013-ի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան:

Երևանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։

1974թ․ կառուցված «Զվարթնոց» օդանավակայանը հայ ժողովրդի կողմից ճանաչված է որպես Հայաստանի խորհրդանիշ, իսկ միջազգային հանրության կողմից գնահատված է որպես խորհրդային մոդեռնիզմի եզակի նմուշ։ 2012թ․ դեկտեմբերին Վիեննայի 19-րդ Ճարտարապետական կոնգրեսի շրջանակում ընդունվել էր բանաձև, որով կոչ էր արվել ՀՀ կառավարությանը` պահպանել, առանց ձևափոխությունների վերականգնել ևպատմական հուշարձանների շարքում ընդգրկել խորհրդային մոդեռնիզմի նմուշները, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղևորային համալիրը։

Ի պատասխան այս բանաձևի` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը 2013թ. հունվարի 15-ին նամակ էր հղել Վիեննայի ճարտարապետական կենտրոնի ղեկավար Դիտմար Շտեյներին, որով հավաստիացրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը գտնվում է պետության և ղեկավարության ուշադրության ու հոգածության ներքո:

2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը և այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։ Իսկ 2015թ․ հոկտեմբերի 15-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ, Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը կոչով դիմել էր ՀՀ իշխանություններին` ճանաչել այդ շինության արժեքը և ապահովել դրա պահպանումը ապագա սերունդների համար:

1961-ին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980-ին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---