«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը կավարտվի 2018-ին

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը կավարտվի 2018-ին

PanARMENIAN.Net - «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» պետական ծրագրի շրջանակում մի քանի ամսից շահագործման է հանձնվելու է 500 բնակարանից բաղկացած համալիրը: Սա ծրագրի շրջանակում շահագործման հանձնված համալիրներից ամենամեծն է, լրագրողներին ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

«Համալիրը կառուցվում է Ավան համայնքում: Որևէ երկրում սոցիալական նման մասշտաբային ծրագիր չկա», - ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Քարամյանը տեղեկացրել է, որ 2016-ի ընթացքում մեկնարկելու է ևս երկու համալիրի կառուցում՝ Ավան-5 և Զեյթուն-3:

«Մեկ-երկու օրից մեկնարկելու է Ավան- 5-ի շինարարությունը: Նախատեսված է երիտասարդ մասնագետների համար: Ունենալու է 140 բնակարան: Այս ծրագրի թերևս վերջին համալիրը կլինի Զեյթուն- 3-ը: Զեյթուն-1-ը շահագործման ենք հանձնել 2015-ին, Զեյթուն-2-ն ընթացքի մեջ է, Զեյթուն- 3-ը կմեկնարկի այս տարի: Ունենալու է 280 բնակարան»,- ներկայացրել է նա:

Քարամյանի խոսքով, 2008-ից սկսած ծրագրի շրջանակներում շահագործման հանձնված բնակարանների 1 քմ-ի արժեքը եղել է 500 դոլարին համարժեք դրամ, Ավան- 5-ի և Զեյթուն- 3-ի բնակարանների արժեքը մի փոքր բարձրացել է՝ 560 դոլարին համարժեք դրամ 1 քմ-ի համար:

Նա նկատել է, որ բոլոր ոլորտներում գնաճ կա, շինարարները չէին ցանկանում նախկին գնով սկսել աշխատել. «Մենք այլ տարբերակ չունեինք, այլապես պետք է ծրագիրը դադարեցվեր»:

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» պետական նպատակային ծրագիրը մեկնարկել է 2008-ից: Պետության ձեռնարկած ծրագրի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին: Պետության ֆինանսական օգնությունն արտացոլվում է տոկոսագումարների ուղղակի և անուղղակի ձևով մասնակի սուբսիդավորման մեջ: Ընդհանուր առմամբ երիտասարդ ընտանիքին պետությունն աջակցում է մոտ 4 տոկոսային կետով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---