Հանրաքվեի ընտրական հանձնաժողովի 2 անդամին մեղադրանք է առաջադրվել

Հանրաքվեի ընտրական հանձնաժողովի 2 անդամին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հունվարի 14-ին մեղադրանք է առաջադրվել թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ տվյալ ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու համար։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2015-ի դեկտեմբերի 6-ին ահազանգ է ստացվել, թե Նոր Նորքի 9-րդ զանգվածի նույն բնակարանում հաշվառված անձինք զրկվել են հանրաքվեին մասնակցելու իրավունքից, քանի որ նրանց փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկած է եղել։ Ահազանգի հիման վրա՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն բնակարանում հաշվառված Մ. Փափազյանը, Հ. Դեմիրճյանը և Թ. Բարսեղյանը 2015-ի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, գնացել են թիվ 2/32 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց անվան դիմաց արդեն առկա են ստորագրություններ։ Նշված 3 ընտրողը հեռացել են ընտրատեղամասից՝ առանց մասնակցելու քվեարկությանը։

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 12-ին՝ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նախնական քննության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ն. Հովհաննիսյանը նույն տեղամասի ընտրողներ, նույն բնակարանում հաշվառված Մ. Փափազյանի, Հ. Դեմիրճյանի և Թ. Բարսեղյանի անունների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է։

Հունվարի 13-ին 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վ. Աթեյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, այն է՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ 2015-ի դեկտեմբերի 6-ին Hetq.am-ում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ քաղաքացի Հասմիկ Ռաֆայելյանն իր ընտանիքի անդամների՝ մայրիկի և քույրիկի հետ գնացել է թիվ 8/08 ընտրատեղամաս՝ մասնակցելու հանրաքվեին, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են. նշված են եղել այլ անձանց անձնագրային տվյալներ ու ստորագրություններ:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված անձանց փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։ Նախնական քննության տվյալներով՝ թիվ 8/08 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Վ. Աթեյանը նույն տեղամասի ընտրողներ Հասմիկ Ռաֆայելյանի, Սիրանուշ Ռաֆայելյանի և Սանդուխտ Ռաֆաելյանի տվյալների դիմաց գրառել է մտացածին անձնագրային տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երեք քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունվարի 11-ի դրությամբ ուսումնասիրվել է 514 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

56 դեպքով հարուցվել է քրեական գործ:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---