Թուրքիայում ձերբակալում են քրդական հարցը խաղաղ լուծելու կոչին միացած գիտնականներին

Թուրքիայում ձերբակալում են քրդական հարցը խաղաղ լուծելու կոչին միացած գիտնականներին

PanARMENIAN.Net - Թուրքական Քոջաելի գավառի դատախազությունն արտոնել է 21 գիտնականի ձերբակալությունը, որոնք ստորագրել են իշխանություններին ուղղված կոչը երկրի հարավ-արևելքում բռնությունը դադարեցնելու հորդորով: 12-ն արդեն ձերբակալվել է, հայտնել է Аnadolu գործակալությունը:

Ավելի վաղ 1128 թուրք և արտասահմանցի հայտնի գիտնականներ ստորագրել են «Մենք մաս չենք դառնա այդ հանցագործությանը» կոչը` հորդորելով թուրքական իշխանություններին «դադարեցնել կոտորածն ու սպանդը» երկրի հարավ-արևելքում և վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ քրդական խնդրի խաղաղ կարգավորման համար:

Կոչը ստորագրածների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ` լեզվաբան Նոամ Հոմսկին, աշխարհագրագետ Դևիդ Հարվին, սոցիոլոգ Իմանուիլ Վալլերսթայնը և մյուսները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «տգետ է» անվանել ուղերձը ստորագրած գիտնականներին, իսկ Թուրքիայի կրթության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկի թուրք գիտնականների դեմ, որոնք ստորագրել են փաստաթուղթը:

Ուղերձը ստորագրած թուրք գիտնականները մեղադրվում են «թուրք ժողովրդին, թուրքական պետությունը, կառավարութունը, խորհրդարանն ու դատրանը հրապարակավ նվաստացնելու» և «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզելու մեջ», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ Թուրքիայում լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ՝ աջակցություն հայտնելով թուրք ակադեմիկոսների «Հանուն խաղաղության» նախաձեռնությանը: CNN-ի թուրքական ծառայության տեղեկատվության համաձայն՝ հայտարարությունում մասնավորապես ասված է.«Մենք աջակցում ենք խաղաղության համար պայքարող այն գիտնականներին, ովքեր հայտարարել են, որ «հանցակից չեն լինելու»: Նրանք ցանկանում են, որ վերջ դրվի բախումներին և վերսկսվի բանակցությունների գործընթացը: Մենք կարծում ենք, որ մարդու իրավունքների, մտքի և խոսքի ազատության առումով վտանգավոր է Թուրքիայի ապագան կերտողներին թիրախ դարձնելը:

Որպես խաղաղություն ցանկացող լրագրողներ՝ մենք հայտարարում ենք, որ զորակցում ենք «հանցակից լինել» չցանկացող գիտնականներին և ցանկանում լրատվությամբ զբաղվել ոչ թե պատերազմական, այլ խաղաղ պայմաններում», հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է մոտ 10 հազար զինվորական և ոստիկան: Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները հուլիսի 24-ից գրոհում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում գտնվող ՔԱԿ դիրքերը:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---