Գործարարները վարչապետին առաջարկել են դիմել ՌԴ-ին՝ նվազեցնելու գազի սակագինը

Գործարարները վարչապետին  առաջարկել են դիմել ՌԴ-ին՝ նվազեցնելու գազի սակագինը

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 16-ին ընդունել է կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների՝ իրենց խնդրանքով: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները:

Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ: Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, ԵՏՄ անդամակցության շրջանակում դիմել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը` ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով: Գործարարները ներկայացրել են նաև իրենց ծրագրերը, հնարավորություններն ու դիտարկումներն աշխատատեղերի պահպանման և արտահանման խթանման վերաբերյալ:

10 հազար խորանադր մետրից ավել սպառողները վճարում են 277 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, ըստ ռուսաստանյան Վեդոմոստի պարբերականի, ռուսական գազի գինը եվրոպացի սպառողների համար ընկել է մինչև 252 դոլար` 1000 խմ դիմաց, նվազելով մոտ 100 դոլարով:

Վարչապետն ընդգծել է, որ ՌԴ ևայլ գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների առաջընթացն էապես կախված է տնտեսական մրցունակությունը չսահմանափակող էներգակիրների գներից և նշել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են Ռուսաստանի իշխանություններին և հաշվի առնելով ՌԴ հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը, ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում:

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ի սեպտեմբերին առաջարկել է ԵՏՄ երկրներին ռազմավարական ապրանքներով առևտրում օգտագործել ռուբլի` մասնավորապես, խոսքը հումքի և վառելիքի մասին է: Աբրահամյանը նաև մանրամասնել է, որ առաջարկն առաջին հերթին վերաբերել է էներգակիրներին, որպեսզի դրանց դիմաց Հայաստանը վճարի ռուբլով. դոլար-դրամ-ռուբլի տատանումներն առաջին հերթին ազդում են ՀՀ բնակչության վրա: «Այդ գործընթացն այդքան արագ չի լուծվելու, բայց կարևոր է այն, որ մենք հարց ենք ընդգրկել օրակարգում և կքննարկենք», - ասել էր վարչապետը:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։

Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չի անդրադառձել, նրանք վճարում են նախկին սակագնով` 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---