$21.5 մլն` Երևանի ջրամատակարարմանը. Նոր պոմպակայաններ, ջրագծեր կկառուցվեն

$21.5 մլն` Երևանի ջրամատակարարմանը. Նոր պոմպակայաններ, ջրագծեր կկառուցվեն

PanARMENIAN.Net - Մեկնարկել է Երևանի ջրամատակարարման համակարգիզարգացման հերթական ծրագիրը:Այն նախատեսված է առաջիկա 3-4 տարվա համար և պայմանավորված է մայրաքաղաքում ջրամատակարարման հետագա բարելավման անհրաժեշտությամբ, տեղեկացնում է Երևան Ջուր ՓԲԸհանրային կապերի ծառայությունը:

Ծրագրի իրականացման համար Երևան Ջուր ընկերությանը տրամադրվել է $21. 665 մլն ֆինանսական աջակցություն, որը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. $7-ական մլն` վարկ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ու Եվրոպական ներդրումային բանկից, $7 մլն դրամաշնորհ՝ ԵՄ Հարևանության ներդրումային գործիք (ՀՆԳ) հիմնադրամից, ևս $665.000 դրամաշնորհ՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի հատուկ միջոցներից:

Մասնավորապես, այն ենթադրում է բակային պոմպակայանների ցանցի զարգացման խնդրի վերջնական լուծում: Իր գործունեության տարիներին, Երևան Ջուր ՓԲԸ վերակառուցել է նրանում ներառված մոտ 400 պոմպակայանների մեծ մասը: Մնացել է նախագծել, կառուցել ու սարքավորումներ տեղադրել վերջին 30 բակային պոմպակայաններում: Դրանք հիմնականում սեփականաշնորված նախկին կաթսայատներում, նմանօրինակ այլ վայրերում տեղակայված տեխնիկապես հնամաշ օբյեկտներ են, որոնք անհրաժեշտ է վերատեղադրել ու վերակառուցել:

Այդ միջոցով կկարգավորվի երևանյան ևս մոտ 100 բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը:

Պետք է արմատապես բարելավվի ջրամատակարարումը նաև Երևանի առանձնատներով կառուցապատված թաղամասերում, որտեղ բաշխիչ ցանցի ֆիզիկական մաշվածության ու տեղի ունեցող ապօրինությունների պատճառով առկա է ջրի տեխնիկական ու առևտրային զգալի կորուստ, ինչպես նաև որակի ապահովման խնդիր: Այստեղ փողոցներում նախատեսվում է վերականգնել մոտ 152կմ ֆիզիկապես մաշված խողովակներ, իսկ անհատական տնատիրություններում՝ բնակիչներին անհատույց օգնության կարգով կառուցել մոտ 200կմ ջրագծեր:

Ընդհանուր առմամբ Երևանում կբարելավվի մոտ 39.000բնակիչ-բաժանորդների ջրամատակարարումը, որոնցից անհատական տնատիրություններում բնակվող 20 հազարի ջրաչափերը նաև կփոխարինվի:

Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի ծրագրում ներառված տարածքներում բարելավել ջրամատակարարումը, նվազեցնել ջրի կորուստը, էլեկտրաէներգիայի ծախսը և վթարների քանակը, ավելացնել ջրի վաճառքը, ապահովել ջրի պահանջվող ճնշումն ու բարձր որակը. հանգամանքներ, որից առաջին հերթին շահում է բարեխիղճ սպառողը, որի սպասարկման որակի բարձրացումը ընկերության կարևորագույն խնդիրն է:

Արդեն սկսվել է ծրագրի իրականացումը: Այսպես, մրցույթի արդյունքում ծրագրի աջակցման խորհրդատու է ընտրվել գերմանական «Ֆիխտներ Ուոթեր & Տրանսպորտեյշն» - հայկական «Ջրտուք» ՍՊԸ կոնսորցիումը: Ավարտվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների համար նախատեսված ենթածրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմելը: Շուտով կհայտարարվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ, որի հաղթողը արդեն վաղ գարնանը կսկսի շինարարական աշխատանքները: Շենգավիթ, Կենտրոն, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Աջափնյակ վարչական շրջաններին վերաբերող նախագծա-նախահաշվային աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին, որին կհաջորդի շինարարությունը: Իսկ բակային պոմպակայանների մասով աշխատանքները մտել են իրականացման փուլ: Կապալառու «Հորիզոն» ՍՊԸ-ն արդեն վերջացրել է դրանցից 5-ում տարվող աշխատանքները, որոնց շահագործումը կսկսվի առաջիկայում

2005-ի դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Veolia Water ընկերության միջև ստորագրվեց Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության 10-ամյա պայմանագիրը:

Միջազգային օպերատորի ընտրությունն իրականցվել էր Համաշխարհային բանկի հովանու ներքո կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---